Ներածություն
Օրհնյալ լինի մեր Տերը, եղբայրներ, քույրեր։
Մենք... ու մեզ համար մեծ գին է վճարել մեր Տերը։ Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուսի անունը, եղբայրներ, քույրեր։ Ես այսօր կուզեի ներկայացնել էն չարչարանքները ու էն տառապանքները, որ Տերը կրեց մեր համար, մեր փոխարեն՝ Նարեկացու բառերով։
Արարչի Խոնարհությունը
Օրհնաբանված է և լուսանորոգ, մեծ ու հրաշափառ այն ահավոր օրը, երբ ստեղծվածներն ուժգին սոսկումով տարորոշվեցին երկու մասերի՝ բարձրացածների խոնարհեցմամբ և կործանվածների վերամբարձությամբ։ Արդ, բարեպատեհ ժամն է հասել գրելու նվագն այս հառաչաձայն, զվարթախառն ահ ու երկյուղով։
Չարչարանքներիդ մասին եմ այստեղ ցանկանում ասել, որ կրեցիր դու իմ պատճառով, Աստված բոլորի։ Կանգնեցիր խոնարհ իմ կերպարանքով քո ստեղծածի ատյանի առաջ ու չխոսեցիր տվիչդ խոսքի։ Չբարբառեցիր հաստիչդ լեզվի, ձայն չարձակեցիր սասանողդ երկրի, չմռնչացիր՝ ով ամենահնչուն փողդ ահագնաձայն։ Ոչ նախատեցիր երախտիքներովդ և ոչ էլ իրենց չարագործությամբ ամբարտավանեցիր։ Չմատնեցիր դու ամոթի նրանց, որ քեզ մատնեցին մահու տանջանքի։ Ոչ քեզ կապելիս դիմադրեցիր, ոչ ապտակելիս փոքր-ինչ դառնացար։ Ոչ անարգեցիր դեմքիդ թքելիս, ոչ հառաչեցիր, երբ կռփահարեցին անողորմաբար։ Չսրտնեղեցիր, երբ էգնեցին քեզ, չայլայլվեցիր և ենթարկվեցին ծաղր ու ծանակի։
Ծաղրն ու Խաչելությունը
Իբրև տկարի՝ հանեցին քեզնից պատմուճանը քո և դարձյալ հագցրին իբրև անփրկում կալանավորի։ Եթե կրկնակի չըմպեիր քացախն այն խառնված լեղու հետ, նախկին դառնության մաղձն իմ մթերված դուրս չէր թափվելու։ Ճաշակեց վհատ ու մերժեց իսկույն տարակուսորեն, ու խառնիճաղանջ ամբոխի առաջ կանահարելով նրանց սաստկապես՝ ծնկի իջեցրին ծաղրելու համար՝ դնելով գլխին իբրև փշե պսակն արհամարհանքի։
Հանգիստ չտվին կենդանարարիդ, հարկադրեցին կրել պատրաստված գործիքը մահվան։ Ընդունեցիր այն իբրև երկայնամիտ, առար իբրև հեզ, բարձրացրիր անխոս, իբրև համբերող։ Տարահարուսամբար զենքն այն կենարար՝ զերթ հովտաշուշանի պես, որ գիշերային արհավիրքներից պաշտպանած լինես։ Քո կողմից կերտված մեր գոյության գահը մարմնեղեն դատապարտության տեղը փոխարինելով խրախճանության։
Դուրս հանեցին քեզ որպես ողջակեզ, փռեցին խաչի սեղանի վրա իբրև պատարագ, գամեցին ամուր իբրև չարագործ, կապկպեցին պինդ իբրև ապստամբ։ Քեզ իսկ՝ երկնային խաղաղությանդ՝ իբրև ավազակ։ Քերովբեներից երկրպագվածիդ՝ իբրև քամահրյալ, կենաց պատճառիդ՝ իբրև ավազակ։ Ավետարանի նկարչիդ՝ իբրև օրենքի լուծող, մարգարեներին ներշնչողիդ և Տիրոջդ՝ իբրև գրքերի զեղիչ։ Փառքի ճաճանչիդ, հոր խորհրդի կնիքիդ անճառ՝ իբրև դիմապարտ ծնողի կամքին։ Օրհնյալիդ՝ իբրև տարագրական օրենքի կապը քանդողիդ՝ իբրև նզովյալ այր մի։ Անմատույց լույսով պարածածկյալիդ՝ իբրև հողածին մի ձերբակալված։
Անսահման Սեր և Հարություն
Ով երկայնամիտ բարերարություն, ողորմածություն քաղցր և բազմագութ, որ անօրեն ու երախտամոռ ծառայիս համար հանձն առար բոլորն այս սիրահոժար, կամավորապես այն մարմնով, որ քեզ միացրիր։ Եվ մինչև շիրմի քնարանը քո ամբողջ լռությամբ մնացիր միշտ նույն Աստվածն անքնին, նույն չարչարանքները կրելով անճառ քո համբերությամբ։ Եվ ապա դարձյալ հարություն առար ինքնիշխանորեն, լուսազարդ փառքով, օրհնյալ գթությամբ և ողորմությամբ բարեբանված միշտ՝ հավիտյաններից մինչև հավիտյանս։
Կոչ՝ Կանգնելու Տիրոջ Կողքին
Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներ։ Էս ամեն չարչարանքները Նարեկացին լավ էր հասկացել, որ իր պատճառով էր ու իր համար էր։ Ու Սուրբ Գիրքը այսպես է խորհուրդ տալիս մեզ.
Դուրս գանք բանակի դրսի կողմը, որտեղ Քրիստոսը խաչվեց
Սիրելիներ, եթե ես հասկացել եմ, որ Քրիստոսը իմ փոխարեն է խաչվել, այլևս ոչ թե պարտավորված, ոչ թե ինչ-որ մեկի խնդրանքով կամ ասելով, այլ այդ պարտքը, այդ սերը մեզ ստիպելու է, որ մենք դուրս գանք բանակի դրսի կողմը, որտեղ որ մեր Տերը խաչվել է, մենք էլ կանգնենք մեր Տիրոջ կողքը։
Աղոթք Գոհաբանության
Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր։ Աղոթենք... Հա, եկեք աղոթք անենք։ Եկեք աղոթք անենք, որ Տերը մեր սրտերը ուղղի դեպի Տիրոջ խաչը, որտեղից որ մեր զորությունն է, մեր հաղթությունը, մեր կյանքը։ Ամեն։
Ալելուիա, Ամենակարող Աստված, մեր սիրելի Փրկիչ, գոհություն ու փառք քեզ։
- Մենք սրտանց շնորհակալ ենք, Տեր, որ դու մեր համար խաչվել ես
- Տեր, որ մեր համար կյանք ես դրել
- Տեր, որ արյուն ես թափել
Մենք սրտանց շնորհակալ ենք, Տեր։ Օգնիր, զորացրու, Տեր, օգնիր, զորացրու, որ խորը հասկանանք, Տեր, քո խաչելությունը, Տեր, որտեղից մեր կյանքը սկսվեց, Տեր։ Օգնիր, զորացրու, և տուր, որ ապրենք այդ խաչված կյանքը, այդ խաչելությունը մեր կյանքի ընթացքում, Տեր։ Օգնիր, զորացրու, և դու փառավորվիր, դու մեծարվիր ամեն բանի մեջ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ալելուիա, ամեն։