Եկեղեցու դերը այս աշխարհում

May 10, 2026

Դիտել YouTube-ով

Շատ հիանալի օր է այսօր։ Ես կասեի՝ գարնան առաջին օրն է։ Գարունը սկսվել է, բայց աշխարհում պատերազմ է, կռիվներ, տագնապներ։ Մարդիկ խառնված են իրար, բայց եկեղեցին հանգիստ է, եկեղեցին մխիթարված է, որովհետև եկեղեցուն մխիթարողը Սուրբ Հոգին է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։

Եղբայրներ, քույրեր, ես մի փոքր կուզեի խոսեինք եկեղեցու և եկեղեցու դերի մասին այս աշխարհում։ Տեսեք՝ Սաղմոս 87-ից մի համար կուզեմ կարդալ։ Այսպես է ասում Սուրբ Գիրքը.

«Նրա հիմունքը սուրբ սարի վրա են։ Տերը սիրում է Սիոնի դռները ավելի քան Հակոբի բնակարանները։ Փառավոր բաներ են պատմվում քեզանից, ո՛վ Աստծո քաղաք։ Ռախաբին և Բաբելոնին կհիշեմ նրանց մեջ, որ ճանաչում են ինձ։ Ահա փղշտացին և Տիրոսը՝ Քուշի հետ։ Սա այստեղ է ծնված։ Եվ Սիոնի համար կասվի՝ այս մարդը և այն մարդը նրանում է ծնված, և ինքը՝ Բարձրյալը, նրա հիմունքը հաստատեց։ Տերը ազգերին գրելիս կպատմե՝ սա այստեղ է ծնված։ Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, կասեն՝ իմ ամեն աղբյուրները քեզանում են»։

Օրհնյալ լինի մեր Տերը, եղբայրներ, քույրեր։ Հետաքրքիր է ասվում. «Տերը սիրում է Սիոնի դռները ավելի քան Հակոբի բնակարանները»։ Այսինքն՝ կա մի բան, որ Աստված ավելի է սիրում, և դա Սիոնի դռներն են, որ խորհուրդով եկեղեցին է՝ Քրիստոսի եկեղեցին, որի հիմքը դրեց անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը։

«Իմ Հոր տան մեջ շատ բնակարաններ կան»

Ես համարներ կարդամ ուղղակի Սուրբ Գրքից։ Հովհաննու Ավետարան, 14-րդ գլուխ, առաջին համարից այսպես է ասում Տերը.

«Ձեր սրտերը թող չխռովին. Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք։ Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ՝ ես ձեզ կասեի. գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ, ձեզ ինձ մոտ կառնեմ, ուր որ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք, և ճանապարհը գիտեք»։

Հետաքրքիր խոսքեր է ասում Տերը։ Ես մի հարց կուզեի տալ, եղբայրներ, քույրեր, սրա մասին կարելի է մտածել։ Տեսեք՝ Տեր Հիսուսը ասում է. «Իմ Հոր տան մեջ շատ բնակարաններ կան»։ Ապա թե ոչ՝ ես կասեի՝ գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու։ Եվ հետո ասում է՝ եթե գնամ և տեղ պատրաստեմ։

Հարցը հետևյալն է. եթե տեղ կա, ինչի՞ համար է պետք, որ Տերը գնա և տեղ պատրաստի։ Չէ՞ որ ասվում է՝ տեղ կա արդեն. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան»։ Ապա ինչի՞ կարիք կա, որ Տերը պետք է գնա և տեղ պատրաստի։ Եվ ինքը իր խոսքի մեջ ասում է. «Ապա թե ոչ՝ ես կասեի ձեզ՝ գնում եմ տեղ պատրաստելու»։ Այսինքն՝ տեղը կա, և ասում է՝ ձեր սիրտը թող չխռովվի, Աստծուն հավատացեք, որովհետև այդ տեղը պատրաստված է։

Ես այս հարցի մասին չէի ուզի այսօր խոսել, եղբայրներ, քույրեր։ Ուղղակի կարող եք մտածել։ Ես մի ուրիշ հարցի շուրջ կուզեի խորհեինք այսօր։

Տեսեք՝ բնակարան, Աստծո տուն։ Խոսվում է Աստծո տան և բնակարանի մասին։ Կարծես մի տուն, և այդ տան մեջ մի տուն կամ մի տեղ։ Եվ այս ամենի մեջ Աստված ուզում է տեսնի մեկության խորհուրդ, ինչպես եկեղեցին և եկեղեցու մեջ մարդիկ, որոնց մեջ Սուրբ Հոգին է՝ բնակարաններ Սուրբ Հոգու համար։

Տեսեք, մենք Տիրոջ տան մեջ ենք, և Տիրոջ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Սա կարծես միություն է, եղբայրներ, քույրեր։

Սուրբ Հոգու գալուստը և առաջնորդությունը

Սրա մասին արդեն Հովհաննեսի 16-րդ գլխում խոսվում է՝ ներկայացնելով Տիրոջ խոսքերը։ Յոթերորդ համարից ասում է.

«Բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ։ Բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, արդարության համար և դատաստանի համար»։

Հետաքրքիր է Սուրբ Գիրքը ասում. «Լավ է ձեր համար, որ ես գնամ»։ Այսինքն՝ Տերը եթե գնա, նա ուղարկելու է Սուրբ Հոգուն, այն տեղը պատրաստելու է մեր համար, մեր ներսում՝ Սուրբ Հոգու համար, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ և Սուրբ Հոգին առաջնորդի մեզ։

Տեսեք, շատ կարծիքներ կան, որ 14-րդ գլխի այս համարը Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է։ Բայց իմ մոտ վերնագիր կա գրված, որ սա Մխիթարիչ Սուրբ Հոգու գալստյան մասին է, որ Տերը խոստացավ և պետք է ուղարկի։ Եվ սրա մասին կարելի է մտածել, եղբայրներ, քույրեր։

Ես մի հարց ևս կուզեմ տալ։ Տեսեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, հանդիմանում է մեղքի համար, հանդիմանում է արդարության համար և հանդիմանում է դատաստանի համար։ Եվ շարունակում է խոսքը.

«Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում։ Արդարության համար, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում և ինձ չեք տեսնելու։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է»։

Եթե այսպես կարդանք, բայց չմտածենք, կարելի է ասել՝ չենք հասկանում այս խոսքը։ Տեսեք, մեղքի համար կարելի է ասել հասկանալի է, որովհետև Տիրոջը չեն հավատում, դրա համար իրենց մեղքի մեջ են։ Բայց ինչի՞ է ասում արդարության համար, որովհետև ես գնում եմ և դուք ինձ չեք տեսնելու։ Այստեղ ի՞նչ արդարություն, եղբայրներ, քույրեր։

Հարց է առաջանում։ Ասում է՝ արդարության համար, որովհետև ես գնում եմ և դուք ինձ չեք տեսնելու։ Ի՞նչ արդարություն ենք տեսնում այստեղ։ Եթե մենք չենք տեսնում մեր Փրկչին, և Սուրբ Հոգին հանդիմանում է աշխարհին, և ասում է՝ այս արդարության համար Սուրբ Հոգին հանդիմանում է, և դատաստանի համար է հանդիմանում, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։

Իրականում այս երեք կետերը, որ նշում է՝ մեղքը, արդարությունը և դատաստանը, իրար հետ կապված են։ Տեսեք, այստեղ Սուրբ Հոգին հանդիմանում է նրա համար, որովհետև աշխարհը չհավատաց, բայց մենք հավատացինք։

Մեկը ինձ հարց տվեց, ձեզ էլ են հարցրել. «Բա այսքան աշխարհում մարդիկ կան, Չինաստանը, բան, ոչ մեկ չի հավատում։ Դա արդա՞ր կլինի, եթե դատապարտվեն»։

Այո, եղբայրներ, քույրեր, եթե մեր արդար հավատքը տեսնելով չապաշխարեն, դա արդար է, որովհետև իրենք իսկ իրենց դատաստանը տեսնում են՝ չհավատալով Քրիստոսին։ Եվ այստեղ է արդարությունը։ Սուրբ Հոգին հանդիմանում է ոչ թե նրանց կորստի համար, այլ հանդիմանում է՝ տեսեք, այս մարդիկ ընդունեցին։ Այս մարդիկ ընդունելով՝ գոնե դարձի եկեք։

Եվ տեսեք՝ շարունակության մեջ ասում է, որ դատաստանի համար պետք է հանդիմանի, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ինչպե՞ս դատապարտվեց. մեկի հավատարմությունով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատարմությունով այս աշխարհի իշխանը դատապարտվեց։ Այնպես էլ մեր հավատարմությունով, եղբայրներ, քույրեր, շատերը կարող են ապաշխարել։

Սա է եկեղեցու դերը։ Այսպես է դրել Աստված։ Եվ եթե մեկը չապաշխարի, եթե մեկը տեսնի մեր բարի գործը ու չապաշխարի, հավատացեք՝ այս արդարությունը Աստծուց է։ Հանդիմանում է Սուրբ Հոգին։

Բայց ինչի՞ է, որ մարդիկ չեն հանդիմանվում, եղբայրներ, քույրեր։ Տեսեք՝ շարունակություն ունի այս խոսքը.

«Բայց երբ որ նա՝ ճշմարտության Հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի՝ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ»։

Այսինքն, երբ որ Սուրբ Հոգին գա, երբ որ մենք ընդունենք Սուրբ Հոգին, մենք կառաջնորդվենք Սուրբ Հոգով։ Երբ որ մենք առաջնորդվենք Սուրբ Հոգով, անհնար է, որ մեկը չհանդիմանվի։ Անհնար է ուղղակի։

Եթե մեր ապրած կյանքը կողքին չի անհանգստացնում, սա մեզ պետք է անհանգստացնի առաջինը։ Ինչի՞ համար չի անհանգստացնում։ Միգուցե ես Սուրբ Հոգով չեմ առաջնորդվում։ Գրված է՝ քննենք մեր անձերը։ Քննենք մեր անձերը, որովհետև շատ կարևոր է, շատ կարևոր է, եղբայրներ, քույրեր, առաջնորդվել Սուրբ Հոգով։

Եկեղեցու արժեքը հասկանալը

Ես մի դեպք պատմեմ։ Մի քանի տարի առաջ Հայաստանում մի տեղ էինք գնացել։ Շատ հեռու, ոնց որ սահմանային մի եկեղեցի էր, առաքելական եկեղեցի էր, այնտեղ մի ծառայող կար։ Դե մենք որպես տուրիստ էինք գնացել։ Չգիտեմ՝ կարող է պատմած էլ լինեմ։

Մեր մեջ կային ոմանք, որ ուղղակի կարճ շորտիկ էին հագած։ Եվ կային մարդիկ, որ Երևանից եկել էին այդպես, մեր խոսքով՝ կիսամերկ։ Այդտեղի սարկավագը, եղբայրներ, քույրեր, չթողեց ներս անգամ մտնել։ Անգամ չթողեց ներս մտնեն։ Այդ աղջիկներին խալաթներ, գլխաշոր տվեց, որ այդպես հագնեն, այդպես մտնեն։ Բայց եղբայրս էր՝ եղբորս չթողեց ընդհանրապես շորտիկով ներս մտնի։

Մտածում ենք՝ այ մարդ, կարելի էր թողել։ Բայց իրականում, եղբայրներ, քույրեր, մենք պետք է գնահատենք եկեղեցու դերը։ Մենք եկել ենք եկեղեցի, և եկեղեցու արժեքը մենք պետք է հասկանանք։

Տեսեք, ես ինչի՞ կարդացի 14-րդ գլուխը։ Որովհետև ասում է՝ «Իմ Հոր տան մեջ կան բնակարաններ»։ Հոր տունը, եղբայրներ, քույրեր, դա եկեղեցին է։ Եկեղեցին պետք է մենք գնահատենք մեր ամեն վարքի մեջ։

Կան մարդիկ, որ եկեղեցուն, կարելի է ասել, մատերի արանքով են նայում։ Դե հա, եկեղեցի է, երկու ժամ եկա, նստա, գնացի ներս, գնացի դուրս։ Տեսեք, ես հիշեցնեմ ավազանը՝ Սելովամի ավազանը, երբ որ ժամանակ առ ժամանակ հրեշտակը խառնում էր։ Հիմա եթե դու դուրս գնաս, ներս գաս, ի՞նչ ես կարծում՝ դու մասնակից կլինե՞ս այդ խառնելուն, թե կմնաս դրսում։

Մենք, եթե եկել ենք եկեղեցի, պետք է մեր աչքը, մեր միտքը, մեր սիրտը ու հոգին կենտրոնանա խոսքի վրա, որ երբ որ գործի Հոգին, դու բժշկվես։ Եթե այսպես չանենք, եղբայրներ, քույրեր, հավատացեք՝ իզուր է։ Եթե այսպես նախանձավոր չենք մեր ամեն վարքի մեջ, պետք է անհանգստացնի այս բաները։

Եթե մենք ապրում ենք Սուրբ Հոգով, եթե շարժվում ենք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին մեղքին չի առաջնորդում։ Սուրբ Հոգին ճշմարտության է առաջնորդում՝ արդարության, սրբության։

Քննենք մեր անձերը

Երկրորդ Օրինաց 22-րդ գլուխ, հինգերորդ համար։ Մի կնոջ վրա այլ մարդու հանդերձ չլինի, և մարդը կնոջ հանդերձ չհագնե, որովհետև քո Եհովա Աստծո առաջ պիղծ է ամեն ով, որ այս բանն անի։

Կան Սուրբ Գրքի մեջ տեղեր, որտեղ գրված է՝ այս բանը պիղծ է Աստծո առաջ։ Եղբայրներ, քույրեր, շատ քիչ տեղեր կան։ Եվ սա մենք պետք է հասկանանք. մենք ո՞նց ենք գալիս կամ ինչպե՞ս ենք վերաբերվում հավատքին։

Մենք պետք է նայենք, եղբայրներ, քույրեր։ Աշխարհը իրար անցումի մեջ է, բայց եկեղեցին պետք է հանգիստ լինի, որովհետև ասում է՝ մի՛ խռովեք։ Սուրբ Հոգին է ասում, ես չեմ ասում։ Սուրբ Հոգին է ասում. եթե դու առաջնորդվում ես ճշմարտության մեջ, դու հանգիստ եղիր, մի՛ խռովվիր։ Եթե Սուրբ Հոգով ես առաջնորդվում, պետք է չխռովվես։

Կգա ժամանակ, երբ որ իրենք կուրախանան, իրենք կխնդան, բայց մեզ նեղության պետք է մատնեն։ Հիմա իրենք տագնապի, նեղության մեջ են, մենք հանգիստ ենք։ Բայց շարունակությունը ասում է, որ երբ իրենք կխնդան, կուրախանան, արդեն մեզ տագնապի կենթարկեն, մենք նեղության մեջ կմատնվենք։ Բայց էլի Սուրբ Հոգին է ասում. մի՛ վախեցեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։

Տերը հաղթե՞լ է, թե չէ։ Տերը հաղթել է և մեզ էլ տվել է հաղթելու։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստծո անունը հավիտյանս հավիտենից։

Ես շատ չէի ուզի երկարացնել խոսքը, եղբայրներ, քույրեր։ Ուղղակի կուզեմ այս բաների վրա մտածենք։ Այս բաների վրա մտածենք. մեր հավատքը մենք ինչի՞ համար ենք ընդունել, և ինչի՞ է, որ իմ հավատքը իմ հարազատին, իմ բարեկամին չի անհանգստացնում։

Կամ շատ բաներ կան, ուղղակի կողքից լսում ենք։ Եթե օրինակ ասում են՝ «այս մարդը հավատացյալ է, ես նրանից հավատացյալ եմ», այսինքն՝ ինքը նայում է իրան ավելի հավատացյալ կամ ավելի հոգևոր, քան այդ հավատացյալն է։ Մեզ պետք է առաջնորդվել Սուրբ Հոգով, եղբայրներ, քույրեր։ Ես սա միայն գիտեմ և սա կուզեի հորդորել։

Օրհնյալ լինի մեր Տեր Աստծո անունը։ Չեմ երկարացնի։ Եկեք աղոթք անենք։

Աղոթք

Անունդ փառավորվի, Տերերի Տեր, Թագավորների Թագավոր։ Մենք սրտանց շնորհակալ ենք, Տեր, քո ամեն ողորմությունների համար, քո շնորհների համար, Տեր, որի համար դու չարչարվել ես, նեղություն ես կրել, տագնապել ես, որ այսօր մենք այստեղ գտնվենք, Տեր, քո տան մեջ լինենք, Տեր, և քո Հոգին մեր մեջ բնակվի։

Սրա համար դու չարչարվել ես, Տեր։ Դու հաղթել ես աշխարհին, որ այսօր մենք հաղթություն ունենանք։ Տեր, օրհնի, զորացրու։ Տեր, մեզ ամեն մեկիս մտցրու այդ հաղթության մեջ, այս շնորհքի մեջ։ Տե՛ր, օրհնի, ողորմի՛ր։ Տեր, հանձնվում ենք քո սուրբ ձեռքը։ Տեր, նաև օրհնի մեր պաշտամունքը, օրհնի մեր այսօրվա ընթացքը, Տեր, և դու փառավորվի ամեն բանի մեջ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Ալելույա։ Ամեն։

← Վերադառնալ Բլոգին