Ոտքերի լվացման իմաստը — Խոնարհվել

May 20, 2026

Դիտել YouTube-ով

Շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր էլ կյանք տվեց, պահեց, պաշտպանեց, որ Իր առջև ենք։ Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Աստծուց շնորհակալ ենք ամեն բանի համար։

Երբ որ Մովսեսը արդեն գիտեր՝ շուտով պետք է անցնի այս կյանքից դեպի Հայրը, դեպի իր Աստծուն, ինքը Իսրայել ժողովրդին շատ բաներ էր սովորեցնում։ Կարծես թե Երկրորդ Օրինացը Մովսեսի այդ վերջին խոսքերն էին Իսրայել ժողովրդին, որ սովորեցնում էր, խրատում էր, անցյալի մասին տարբեր վիճակներ էր ներկայացնում, ապագայի մասին էր խոսում։ Եթե հնազանդվեն՝ այսպիսի բաներ կլինեն, եթե անհնազանդ լինեն՝ այսպիսի բաներ, և տարբեր ձևերով այդ ժողովրդին պատրաստում էր, որ ժողովուրդը, չնայած թե նեղությունների միջով անցնի, դժվարություններ ունենա, ինքը հաստատ համոզված լինի, որ Աստված իրենց հետ է։

Եվ Մովսեսը խրատեց, հորդորեց, Հեսուին կարգեց, որ Հեսուն էլ այն գործը, որ Մովսեսն էր անում, շարունակի և Իսրայել ժողովրդին տանի խոստացյալ երկիրը։ Եվ տեսնում ենք՝ Հեսուն, երբ որ արդեն հասկացավ՝ իր ժամը մոտ է, նա էլ Իսրայել ժողովրդին հավաքեց, իր վերջին խոսքերը, խրատները, հորդորները տվեց։ Հորդորեց, որ ինչպես ինքը և իր ընտանիքը Տիրոջն են ծառայում, որ ամբողջ ժողովուրդը Եհովային՝ Աստծուն ծառայի և չգնա ուրիշ աստվածների հետևից։

Տեսնում ենք, երբ որ Դավիթը իր օրերը մոտեցել էր, իր Սողոմոն որդուն կանչեց իրան, խրատներ, խորհուրդներ տվեց, ապագայի մասին ներկայացրեց և փոխանցեց Սողոմոնին։ Տեսնում ենք՝ Պողոս առաքյալը Եփեսոսի երեցներին հավաքում է, և ինքը արդեն գիտի, որ պետք է գնա Երուսաղեմ, և Երուսաղեմից հետո պետք է գնա Հռոմ, և իրեն այնտեղ պետք է սպանեն։ Եվ ինքը հավաքում է, ասում է՝ «Վերջին անգամ եմ ձեզ տեսնելու»։ Այսինչ, այսինչ բաները դուք, Աստծո ժողովուրդ, ճիշտ հովվեք, որ ինքը իր արյունով է գնել։

Տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ, երբ որ հասկացավ, որ Իր ժամը հասել է, Իր այն ամենամոտիկ աշակերտներին հավաքեց։ Հավաքեց հորդորելու, խրատելու, քաջալերելու, նաև զգուշացնելու, որ՝ «Ես պետք է գնամ, բայց դուք չվախենաք Իմ գնալուց հետո, որովհետև Ես ձեզ մենակ չեմ թողնի, ձեզ որբ չեմ թողնի։ Հոր խոստումը՝ Երկնային Սուրբ Հոգին, պետք է ուղարկեմ ձեր մեջ, որ ձեր մեջ լինի և ձեր հետ լինի։ Բայց այս Սուրբ Հոգուն աշխարհը չի ճանաչի, չի հասկանա, բայց ձեզ կառաջնորդի ճշմարտության մեջ, արդարության մեջ. այն, ինչ որ Ես ունեմ, Ինձանից կառնի և ձեզ կփոխանցի, կհայտնի»։

Տեսնում ենք՝ հորդորում է, խրատում է, քաջալերում է։ Եվ գիտենք, որ աշակերտները վախի մեջ էին, որովհետև արդեն Հիսուսին ուզում էին սպանել, իրենք էլ դրանից տեղյակ էին։ Պետրոսը չհասկանալով ասաց. «Մինչև մահ Քո հետ կերթամ», մնացած աշակերտները նրա հետ միասին՝ «Այո»։ Բայց տեսնում ենք, որ նրանք գայթակղվեցին, ընկան, բայց Տերը նրանց չթողեց։ Նորից այցելեց Իր ներկայությունով, Իր հայտնությունով, Իր հարությունով, նաև Սուրբ Հոգին փչեց նրանց մեջ, որ իրենք գնան, այն գործը անեն, ինչ որ Ինքը արեց՝ անվախ, այն երկյուղած համարձակությամբ։ Որովհետև եթե իրենց Տերը հարություն առավ այդքան տանջանքներից, նեղություններից հետո, իրենք ի՞նչ ունեն վախենալու։ Չկա վախենալու բան. իրենց Տերը հարություն է առել այդ մեծ տանջանքից։

Հիսուսի վերջին խոսքերի նպատակը՝ սեր

Այս խոսքերը Հովհաննու Ավետարանի 13-րդ գլխի մեջ են։ Հիսուսի վերջին խոսքերը Իր աշակերտներին ինչի՞ մասին էին։ Բուն նպատակը սերն էր։ Ինքը Իր աշակերտներին Իր սերը հայտնեց, Իր սերը փոխանցեց և իրենց հրաման տվեց, որ՝ «Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ մեկդ մյուսիդ սիրեք»։

Եվ նաև խոսեց, որ՝ «Եթե Ինձ սիրեք, այդ խոստացյալ Սուրբ Հոգին կուղարկեմ։ Եթե Ինձ սիրեք, Հայրը ձեզ կսիրի։ Եթե Ինձ սիրեք, Ես և Հայրը կգանք և ձեր մեջ կբնակվենք»։ Եվ նույնիսկ այդ սիրո մասին աղոթք, աղաչանք արեց. «Հա՛յր, այն սերը, որ Ինձ սիրեցիր աշխարհից առաջ, աղոթք եմ անում, որ իրենց մեջ էլ այդ սերը լինի»։ Թող Աստված այդպես էլ անի։

Եվ այդ սերը հայտնելու միջոցներից մեկը տեսնում ենք Հովհաննես 13-րդ գլխի մեջ։ Մինչև Իր վերջին խոսքերը, Հիսուս Իր աշակերտներին հայտնում է, մի օրինակ է իրենց ցույց տալիս, մի խորհուրդ, որը Ինքը պատվիրում է. «Ինչպես Ես՝ Տերս և Վարդապետս, ձեզ արեցի, դուք էլ իրարու արեք։ Ինչպես Ես ձեր ոտքերը լվացի, դուք էլ իրարու ոտքեր լվացեք։ Եվ եթե այսպես անեք, երանելի եք, եթե կատարեք»։

Հովհաննես 13. Ոտնալվայի օրինակը

«Զատկի տոնեն առաջ՝ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասեր է, որ այս աշխարհեն ելլե Հորը քով. սիրելով իրենները որոնք աշխարհի մեջ էին՝ մինչև վերջն ալ սիրեց զանոնք։ Երբ ընթրիքը կըլլար՝ Սատանան արդեն Իսկարիովտացի Սիմոնյան Հուդային սրտին մեջ դրեր էր որ զանիկա մատնե, Հիսուս գիտնալով թե Հայրը ամեն բան իր ձեռքը տվավ, և թե ինքը Աստծմե ելավ ու Աստծո քով պիտի երթա, ընթրիքեն ելավ և հանդերձները մեկդի դրավ, ու ղենջակ մը առնելով՝ մեջքը փաթթեց։ Ետքը կոնքին մեջ ջուր լեցուց, ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ և իր փաթթված ղենջակովը սրբել։

Երբ եկավ Սիմոն Պետրոսին, ան ըսավ իրեն. «Տե՛ր, դո՞ւն իմ ոտքերս պիտի լվաս»։ Հիսուս պատասխան տվավ ու ըսավ անոր. «Ես ինչ որ կնեմ, դուն հիմա չես գիտնար, հապա ետքը պիտի իմանաս»։ Պետրոս ըսավ անոր. «Բնավ դուն իմ ոտքերս պիտի չլվաս»։ Պատասխան տվավ անոր Հիսուս. «Եթե քեզ չլվամ, դուն ինձի հետ բաժին չունիս»։ Սիմոն Պետրոս ըսավ անոր. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, հապա նաև ձեռքերս ու գլուխս»։ Հիսուս ըսավ անոր. «Լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան պետք չէ, ալ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք, ոչ թե ամենքդ»։

Վասնզի կճանչնար զանիկա որ զինք պիտի մատներ. անոր համար ըսավ՝ Ոչ թե ամենքդ ալ մաքուր եք։ Երբ անոնց ոտքերը լվաց, և իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոնց. «Գիտե՞ք ինչ ըրի ձեզի։ Դուք զիս Վարդապետ ու Տեր եք կոչում, և աղեկ կնեք, վասնզի այնպես եմ։ Եթե ես՝ Տերս ու Վարդապետս, ձեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ դուք ալ իրարու ոտքերը լվաք։ Վասնզի ձեզի օրինակ մը տվի, որպեսզի ինչպես ես ձեզ ըրի, դուք ալ ընեք։ Ճշմարիտ, ճշմարիտ կըսեմ ձեզի. Ծառան իր տիրոջմեն մեծ չէ, ոչ ալ ղրկվածը՝ զինք ղրկողեն մեծ է։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք եթե ասոնք կատարեք։

Ոչ թե ձեր ամենուն համար կըսեմ. վասնզի ես կճանչնամ զանոնք որ ես ընտրեցի. հապա որպեսզի գրվածը կատարվի թե Ան որ ինձի հետ հաց կուտեր, ինձի դեմ կրունկ վերցուց։ Հիմակվանե կըսեմ ձեզի երբ դեռ չի եղեր, որպեսզի երբ ըլլա, հավատաք թե ես ԱՆ եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ կըսեմ ձեզի. Ով որ կընդունի զանիկա որ ես կղրկեմ՝ զիս կընդունե. և ով որ զիս կընդունի՝ զիս ղրկողը կընդունե»։ Ալելույա։ Ամեն։

Երբ որ մտածում ենք, թե ոտնալվան ինչի՞ համար է, տեսնում ենք՝ հաղորդության, ընթրիքի ընթացքում Հիսուսը հանկարծակի մի այնպիսի բան արեց, որ չլսված էր։ Պատմաբանները, աստվածաբանները, հնագետները և տարբեր մարդիկ, որ այս բաները քննարկում են, մինչև Հիսուս Քրիստոսի այս արած գործը, ամբողջ թե հունական, թե հռոմեական, թե եգիպտական, թե ասորեստանի, թե բաբելոնի գրվածքների, նկարների, պատկերների մեջ մի տեղ չեն գտել, որ տերը ծառայի ոտքերը լվանա։ Ամբողջ մարդկության պատմության մեջ չկա մի օրինակ, մինչև Հիսուս Քրիստոսը այս գործը գործեց։

Կատարյալ իշխանությունը և կատարյալ խոնարհությունը

Ինձ զարմանալի բան է, որ Տեր՝ թագավոր լինելով, գրված է շատ հրաշալի խոսքեր. ասում է՝ Իր ժամանակը գիտեր, որ հասել էր, պիտի փառավորվեր, այս աշխարհից պետք է գնար դեպի Հորը։ Ինքը գիտեր, որ Հորից էր եկել, Հայրը ամեն բան Իր ձեռքերի մեջ էր տվել։

Մի պահ պատկերացրեք՝ մեկը քեզ իր ամբողջ ունեցվածքը տա։ Հիմա եթե մի աղքատ մեկը լինի, էլի այդ իր ունեցվածքը մի որոշ գին կունենա, արժեք կունենա։ Բայց պատկերացրեք ամենահարուստ մարդը աշխարհի իր ամբողջ ունեցվածքը քեզ տա։ Ինչ զարմանալի բան է։ Ու դուք դա գիտեք։ Բայց պատկերացրեք Երկինք, Երկիր ստեղծող Աստվածը ամեն բան ասում է՝ տվեց Իր ձեռքերի մեջ։ Ինքը դա գիտեր։

Մի ասացվածք կա, ասում է. «Իշխանությունը քայքայում է մարդու անձը, կատարյալ իշխանությունը կատարելապես է քայքայում»։ Այսինքն՝ երբ որ մարդուն իշխանություն ես տալիս և մարդը չի հասկանում, թե ոնց այդ իշխանությունը օգտագործի, այդ իշխանությունը իր մեջ հպարտություն, գոռոզություն է առաջացնում, ու այդ մարդուն ներսից քայքայում է, ոչնչացնում է, սպանում է։

Բայց այդպիսի մարդ չի եղել պատմության մեջ, որ կատարյալ իշխանություն է ունեցել։ Մեր Հիսուս Քրիստոսը կատարյալ իշխանություն ուներ։ Իր խոսքով մեռելները հարություն էին առնում, հիվանդները բժշկվում էին, բորոտները մաքրվում էին, փոթորիկները, քամիները հանդարտվում էին, դադարում էին։ Այդ իշխանություն ունեցողը՝ կատարյալ իշխանություն ունեցողը, այդ ընթրիքի ժամանակ տեսնում ենք՝ ինչ հրաշալի օրինակ մեզ համար թողեց։

Գրված է, որ Իր հանդերձները մեկդի դրեց և հետո գրված է՝ Իր հանդերձները նորից հագավ։ Հովհաննու Ավետարանի մեջ այս երկու բառերը մենակ մի ուրիշ տեղ են օգտագործվում. Հիսուսը խոսում է ժողովրդի հետ և ասում է՝ «Ես եմ բարի հովիվը»։ Եվ ասում է՝ «Բարի հովիվը իր կյանքը կդնի իր ոչխարների համար և նորեն վեր կառնե»։ Այսինքն՝ Հիսուսը ասում է. «Ես Իմ կյանքը Իմայինների համար պետք է դնեմ և նորեն պետք է վեր առնեմ, հարություն պետք է առնեմ»։

Այս ոտնալվայի օրինակը խոնարհության օրինակ է, և ճիշտ կասենք, որովհետև դա է։ Բայց այս խոնարհության օրինակը մի հատուկ ձև ունի։ Սովորական ուղղակի խոնարհություն չէր, որ՝ «գիտեք, գնամ մարդկանց ոտքերը աշխարհի մեջ որ կան, լվամ, բարություններ անեմ, բարեգործություններ անեմ»։ Հատուկ մի պատկեր կար այս խոնարհության։

Ոտնալվան ցույց է տալիս խաչի ճանապարհը

Խաչը, այն տանջանքները, այն ցավերը, այն անարգանքը, այն խայտառակ վիճակը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա Իր վրա վերցրեց։ Այն մեղքը, չարությունը, անիրավությունները, աշխարհի միջի ինչ չար բան կա, այն ամենաահավոր բաները, որ նույնիսկ ամաչում ենք մտածել դրանց մասին՝ Քրիստոսը խաչի վրա կրեց Իր մահկանացու մարմնի մեջ։

Ոչ թե միայն խոնարհվեց ու ոտքեր լվաց, այլ այդ ոտքեր լվալը աշակերտներին պատրաստում էր այն կատարյալ լվացմանը, այն մաքրությանը, այն սրբությանը, որ պետք է մարդկությունը ունենա։ Այն սուրբ արյունով, որ Հիսուսը պետք է նրանց լվանա. այսինքն՝ Սուրբ Հոգով, Աստծո խոսքով և այն խաչի թափված արյունով, որ լվաց, մաքրեց, սրբեց ամեն անիրավությունից և մեղքից։

«Գիտե՞ք Ես ձեզ ինչ արեցի»։ Սա ուղղակի չոքեց ու ոտք լվաց և ասաց՝ լավ, այս օրինակը արեցի, և դուք էլ երբ որ մարդկանց տեսնում եք՝ կարիքի մեջ են, ոտքեր լվացեք, օգնեք, խոնարհվեք։ Բայց դրանից ավելին է. մի ճանապարհ ցույց տվեց Իր ժողովրդին, որ այդ ժողովուրդը առանց Աստծո զորության չի կարող անել։

Աշխարհի մեջ շատ բարեգործներ կան, որ նույնիսկ Հիսուսի օրինակից օրինակ առնելով՝ Հիսուսի անունը չեն տալիս, բայց արտաքինով ցույց են տալիս, որ խոնարհ բաներ են անում։ Բայց մարդկության մեջ մեկը չկա, որ կեղծավոր ձևով խաչը ելնի։

Խաչը կեղծավորությունը, ստությունը մերկացնում է։ Դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք ընտրենք խաչի ճանապարհը։ Որովհետև այդ կեղծիքը, այդ ստությունը, որ այս մեր մահկանացու մարմինների մեջ դեռ պատերազմում է մեր հոգու դեմ, այդ կեղծիքը, ստությունը, չարությունը, ատելությունը, բամբասանքը, շնությունը, կռապաշտությունը և ամեն ինչ դրա նման չարիք, անիրավություն՝ խաչը մերկացնում է, խայտառակում է։ Եվ դրա համար խաչի ճանապարհը ընտրենք։ Թող Աստված մեզ օգնի, որ այդ ընտրության մեջ հաստատ լինենք, կատարյալ լինենք։ Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ։

Ոտնալվան՝ թե՛ խորհուրդ, թե՛ իրական ծառայություն

Եվ այս ոտնալվան մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ այդ խորհուրդը կա, բայց որ իրականում մեկս մյուսի ոտքերը լվանանք, որպես ֆիզիկապես հաղորդության պաշտամունքի ժամանակ մեկս մյուսի ոտքերը լվանանք։

Հիսուսը այս ոտնալվայի օրինակը երեք անգամ կրկնում է, որ «ինչպես Ես արեցի, դուք էլ արեք» և օրհնություն է դնում անողների վրա՝ երեք անգամ կրկնելով, որ պետք է այս կատարենք ինչպես Ինքը կատարեց։ Այս ոտնալվայի օրինակը մենք հաղորդության ժամանակ կատարում ենք։ Եվ տեսնում ենք, որ այդ ոտնալվայի օրինակը կատարյալ սիրո օրինակն է, որ Հիսուսը փոխանցեց։ Եվ Հիսուսը չի ասում, որ՝ «Ես ձեզի օրինակ տվեցի և այս խորհուրդը ուղղակի աշխարհի մեջ կատարեք»։ Ինքը ներկայացրեց, որ «ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ այնպես արեք»։

Թե՛ ֆիզիկապես հաղորդության, պաշտամունքի ժամանակ մեկս մյուսի ոտքերը պետք է լվանանք, թե՛ էլ այդ խորհրդի իրական կյանքը լվանալուց հետո, այս դռներից որ դուրս ենք ելնում, այդ կյանքը ապրենք։ Ոչ թե մեկը պիտի լինի կամ մյուսը, այլ երկուսը միասին։ Ոտնալվան հիշեցնում է մեզ, որ մենք պետք է գնանք դա անենք։ Եվ դա անելով նորից հետ ենք վերադառնում, ոտքեր ենք լվանում, որ նորից հիշենք, նորից թարմանա մեր մեջ, նորից արթնանա մեր մեջ, որովհետև մենք հոգնում ենք։

Մեր եղբոր դիմաց, քույրերի դիմաց չոքում ենք ու ոտք ենք լվում ու հասկանում ենք՝ «այս ի՞նչ զարմանալի բան եմ անում»։

Ինձ զարմանալի բան է, որ այսպիսի ինձանից թե՛ տարիքով մեծ, թե՛ դիրքով մեծ, թե՛ ամեն բանով մեծ մարդը չոքում է ու ոտքերս է լվանում։ Եվ հետո հիշում եմ, որ պապիկս, որ 90 տարեկան էր, ոտքերս լվանում էր։ Ես հիշում եմ, որ նույնիսկ Սուրիկ ախպերն էր ոտքերս լվանում, Ստյոպա եղբայրը, Ֆրունզ եղբայրը, մեծահասակ եղբայրներ, որ կյանք են ապրել, կյանք են տեսել, որ ես իրականում Պետրոսի նման պիտի ասեի՝ «Դո՞ւ ես իմ ոտքերը լվում»։ Բայց Հիսուսը մեզ ասաց՝ չէ, պիտի լվանաս։

Զարմանալի մի երևույթ է, չէ՞, չլսված, այս աշխարհի մեջ չտեսնված բան է դա։ Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ։

Աստծո խոսքի պատվիրած սովորությունները սուրբ են

Գիտեք, շատ անգամ, եթե մի բանը կրկնվում է կամ մի սովորություն է, մարդիկ ասում են՝ «Օ՜, ուղղակի սովորություն է»։ Չէ, Աստծո խոսքը կա, որ սովորություններ է մեզ սովորեցնում, որպես ծես կատարենք այս սովորությունները, և Աստծո խոսքն է հրամայում։ Եվ մարդիկ շատ անգամ նայում են, ասում են՝ «Դա ուղղակի սովորություն է, ծես ես կատարում, ձևական ես, կեղծավոր ես»։

Չէ, չէ։ Կեղծիքը, ձևականությունը ոտնալվայով կամ հաղորդության պաշտամունքով չէ։ Դա ամեն մարդու մեջ կա, որ մենք մինչև կյանքի վերջին շունչը դրանց դեմ պետք է պայքարենք։ Բայց այդ ոտնալվան մեզ օգնում է։ Գոնե մի պահ, արտաքինով գոնե, խոնարհվենք, որ միտք առնենք, որ մեր Տեր Հիսուսը այս նույն ծառայությունը արեց։

Ուզում ես Հիսուսին նմանվե՞ս, սիրելի քույրս, եղբայրս։ Ինքն ասաց՝ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ իրարու արեք։ Ինչպես Ես ձեզ արեցի։ Եվ չոքելով, ոտքեր լվալով մենք Հիսուսին ենք նմանվում, Հիսուսի գործն ենք կատարում։

Շատ անգամ որոշ սովորություններից ասում ենք՝ սա ուղղակի սովորություն է։ Հիսուսը տարբեր տեղեր սովորություն էր պատվիրում, հրամայում։ Պողոս առաքյալը, Հիսուսը չէին ընդունում այն սովորությունները, որ մարդիկ անում էին, որ իրենք երևային, ցույց տային, որ ավելի մնացածից սուրբ են, կամ որ Աստծո մի ուրիշ խոսք այդ սովորություններով մի կողմ դնեն։ Մատթեոս 15-րդ գլխի մեջ Հիսուսը այդ սովորությունների դեմ է խոսում։

Բայց սովորությունները, որոնք Աստծո խոսքն է պատվիրում, դրանք սուրբ են, կատարյալ են, ընդունելի են, որ Աստծո ժողովուրդը թե՛ ֆիզիկապես այդ սովորությունները կատարի, թե՛ էլ այդ սովորությունների խորհուրդը մարմնացնի, երբ որ կատարելուց հետո գնում է աշխարհի մեջ։ Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ, մեզ ամենքիս այս բանի մեջ։

Երբ Աստված չի հաճում արարողությունը

Կուզեմ մի պահ էլ խոսել, թե երբ Աստված սովորությունները չի հաճում, և հետո, երբ մարդը ճիշտ ձևով է անում, Աստված ինչպիսի ձևով է նայում։ Կուզեմ մի պահ կարդալ Եսայի առաջին գլուխ 10-րդ խոսքը՝ Եսայի 1.10-15։

Երբ որ նայում ենք այս բոլոր բաները, որ Իսրայել ժողովուրդը անում էր, Աստծո խոսքի համեմատ էր։ Բայց խնդիրը ո՞րն էր։ Աստծո ժողովուրդը կարծում էր, թե կարող է գնալ մեղանչի, չարություն գործի, անիրավություն անի, և գա ու այս ծեսերի տակ քողարկվի։

Բայց Աստված ասում է՝ «Մաքրվեցեք, սրբվեցեք, մաքուր եղեք, որ մաքրվելով գաք այդ արարողությունները, ծեսերը, այդ սովորությունները, այդ Աստծո խոսքը, երբ որ կատարեք, դա չլինի ձեր չարության համար քող, այլ լինի անկեղծ աստվածապաշտություն»։

Եվ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք մեր բոլոր վիճակների մեջ, սովորությունների մեջ, որը Աստծո խոսքը պատվիրում է, սրտանց անենք, մաքրությամբ անենք, անկեղծությամբ անենք։ Եվ չլինի, որ մի չար միտք կա և մեր սրտի մեջ մտնի ու մտածենք, որ՝ «Գիտես՝ իմ չար գործերը չտեսան, սպասի այս արարողությունով քողարկվեմ, ծածկվեմ, որ մարդիկ կարծեն՝ ես սուրբ եմ»։

Ավելի ճիշտ է, Աստված ասում է՝ «Արեք, ինձ հետ խոսեցեք. եթե ձեր մեղքերը կարմիր լինեն, ես կարող եմ ճերմակցնել, մաքրել, սրբել»։ Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ։

Կոտրված և խոնարհ սիրտ

Եվ Դավիթի 51-րդ սաղմոսը ասում է՝ «Աստված զոհերին չի հաճում, թե չէ կտայի»։ Ի՞նչ է Աստված հաճում՝ կոտրված և խոնարհ սիրտ։ «Դու չես անարգի»։ Բայց այդտեղ չի դադարում։ Դավիթը ասում է՝ «Երբ որ կոտրված և խոնարհ սիրտ ունենամ», հետո աղոթք է անում՝ «Բարություն արա Իսրայելին քո բարությունով»։

Դավիթը թագավոր էր, Իսրայելի ժողովրդի իշխանն էր, ինքը մեղքի մեջ էր։ Խոստովանվեց, կոտրվեց, զղջաց Աստծո առաջ, և Աստված իրեն ներեց։ Եվ այդ ներումը ոչ մի զոհ, ոչ մի գործ չէր կարող իրեն պարգևել, միայն Աստծո ողորմությունը իրեն այդ ներումը պարգևեց։

Աստծո ողորմությունը ընդունելուց հետո ասում է՝ «Եվ այս ժամանակ նոր Քեզի զոհեր կմատուցանեմ»։ Այսինքն՝ այդ զոհերը ոչ թե սխալ էին, այլ որ մեղքով մտնում էր Աստծո ներկայության մեջ և կարծում էր՝ քողարկված էր։

Թող Աստծո Հոգին ամեն մեկիս այս խոսքերը հասկացնի, սիրելի քույրեր, եղբայրներ, որ ինչ որ անում ենք՝ մաքրությամբ անենք, անկեղծությամբ անենք։ Եվ չլինի, որ մի չար միտք կա, և մեր սրտի մեջ մտնի ու մտածենք, որ՝ «Գիտես՝ իմ չար գործերը չտեսան, սպասի այս արարողությունով քողարկվեմ, ծածկվեմ, որ մարդիկ կարծեն՝ ես սուրբ եմ»։

Ավելի ճիշտ է, Աստված ասում է՝ «Արեք, ինձ հետ խոսեցեք. եթե ձեր մեղքերը կարմիր լինեն, ես կարող եմ ճերմակցնել, մաքրել, սրբել»։ Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ։

← Վերադառնալ Բլոգին