Ոտքերի լվացման իմաստը — Ուղարկվել

May 25, 2026

Դիտել YouTube-ով

Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց, որ կյանք տվեց, որ պահեց, որ պաշտպանեց, որ Իր առջև ենք՝ Իր ողորմությամբ։ Այսօր կանք, ապրում ենք։ Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։

Աստծո օգնությամբ կուզեմ շարունակել խոսել, թե ոտնալվայի իմաստը որն է։ Երբ որ նայում ենք ոտնալվայի այդ արարողությանը արտաքինով, առաջին միտքը գալիս է, որ Հիսուսը ուղղակի մի խոնարհության օրինակ մեզ թողեց, որ ինչպես Տերը և Վարդապետը մեր ոտքերը լվաց, մենք էլ իրարու ոտքեր լվանանք։

Եվ այդ գաղափարը իրականում կա։ Երբ որ հաղորդության ժամանակ նրանք, ովքեր հաղորդությանը մասնակցում են, գիտեն, որ մինչև Տիրոջ արյանը և մարմինը ընդունելը, մենք մեկս մյուսի ոտքերն ենք լվանում՝ եղբայրները եղբայրների ոտքերը, քույրերը քույրերի ոտքերը։ Եվ այդ ոտնալվայի մեջ կա Քրիստոսի խոնարհությունը, այն խաչի խոնարհությունը, ոչ թե մարդկային խոնարհություն, այլ հատուկ խաչյալ Քրիստոսի խոնարհությունը։

Եվ դրա հետ միասին նաև խոսեցինք, որ խոնարհվելով այդ ջրով որ մաքրում էր, դա մի խորհուրդ էր, որ Աստված Իր խոսքի ջրով մեզ մաքրում է, Իր սուրբ արյունով մեզ մաքրում է, Իր Սուրբ Հոգիով մեզ մաքրում է, Հայրը մեզ մաքրում է։ Աստված այդ ջրով ցույց է տալիս այդ խորհուրդը, որ մենք շարունակաբար մաքրության կարիք ունենք։ Եվ նրանք, ովքեր արդեն մաքուր են, Հայրը էլ ավելի է մաքրում, և հետո ուղարկում է, որ պտուղ բերեն։ Եվ պտուղ են բերում, հետ են վերադառնում, Հայրը նորից նրանց մաքրում է, որ էլ ավելի պտուղ բերեն։

Եկեղեցին որպես ուղարկված մարմին

Այսօր ուզում եմ կենտրոնանանք այն մտքի վրա, որ եկեղեցին ուղարկված է։ Երբ որ չորրորդ դարում տիեզերական եկեղեցին, բոլոր աշխարհի եկեղեցիների եպիսկոպոսները, երեցները հավաքվեցին, գիտենք, որ այնտեղ հատուկ մի դավանանք արդեն դրեցին՝ մեկ Աստված, մեկ Հայր, մեկ Որդի, Սուրբ Հոգի, այդ դավանանքը։ Եվ այնտեղ գրեցին, որ մենք հավատում ենք մեկ սուրբ, ընդհանրական և առաքելական եկեղեցի։

Եվ առաքյալ նշանակում է ուղարկված։ Այսինքն՝ բոլոր եպիսկոպոսները, երեցները ներկայացրեցին եկեղեցին որպես ուղարկված աշխարհի մեջ։ Եվ մենք ուղարկվածներս ենք։ Բայց այդ ուղարկելը ոտնալվայի հետ ի՞նչ կապ ունի, սիրելի քույրեր, եղբայրներ։

Հիսուսը գիտեր, որ Ինքը Հորից էր եկել երկրի վրա։ Եկավ, ինչ գործ պետք էր որ աներ՝ արեց, և արդեն գիտեր Իր ժամանակը մոտ էր, որ հետ պետք է գնար Իր Հորը։ Այդ բոլոր մեծ բաները իմանալով՝ Ինքը Իր աշակերտների ոտքերը լվաց։ Եվ այնտեղ Պետրոսը չի ուզում, որ Հիսուսը լվա։ Հիսուսը որոշ բաներ է բացատրում, բայց տեսնում ենք՝ բոլոր աշակերտների ոտքերը լվանում է, և հետո բարձրանում է ու հարցնում է. «Դուք գիտե՞ք Ես ձեզ ինչ արեցի»։

«Երբ անոնց ոտքերը լվաց և իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոնց. Գիտե՞ք ինչ ըրի ձեզի։ Դուք զիս Վարդապետ ու Տեր կկոչեք և աղեկ կնեք, վասնզի այնպես եմ։ Եթե ես՝ Տերս ու Վարդապետս, ձեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ դուք ալ իրարու ոտքեր լվաք, վասնզի ձեզի օրինակ մը տվի, որպեսզի ինչպես ես ձեզի ըրի, դուք էլ ընեք։ Ճշմարիտ, ճշմարիտ կսեմ ձեզի. ծառան իր տիրոջմեն մեծ չէ, ոչ ալ ղրկվածը՝ զինք ղրկողեն մեծ է։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք եթե ասոնք կատարեք»։

Հովհաննես 13.12-17

Եթե այս խոսքերի վրա Հիսուսը կանգներ ու սրանից հետո ուրիշ բան չասեր, կասեինք՝ Հիսուսը օրինակ է տալիս։ Բայց այս միտքը ի՞նչ կապ ունի ոտնալվայի հետ։ Գիտենք, որ Հիսուսը արդեն Իր վերջին երեկոն էր Իր աշակերտների հետ, և Իր ամենամոտիկ աշակերտներին կանչեց։ Բան էր ուզում սովորացնել, որովհետև այս աշակերտները ամեն բան թողել էին Հիսուսի համար, և շուտով իրենց Տերը պիտի խաչվեր և մեռներ։ Եվ Հիսուսը չէր ուզում այս վիճակի մեջ Իր աշակերտները տկարանային։ Նրանք գործ ունեին անելու։

Աշխարհի մեջ ուղարկված լինելու դժվարությունները

Հիսուսը շարունակում է.

«Եթե աշխարհ ձեզ ատե, գիտեք թե ձեզմե առաջ զիս ատեց։ Բայց որովհետև աշխարհեն չեք, հապա ես ձեզ աշխարհեն ընտրեցի, անոր համար աշխարհ ձեզ կատե։ Եթե զիս հալածեցին, ձեզ ալ պիտի հալածեն»։

Հիսուսը Իր աշակերտներին այդ ոտնալվայի միջոցով մաքրեց, սրբեց որպես խորհուրդ, նրանց պատրաստեց, որ պիտի ուղարկի աշխարհի մեջ։ Եվ եկեղեցին՝ մենք, սիրելի քույրեր, եղբայրներս, ուղարկված է Աստծո կողմից աշխարհի մեջ։ Բայց այդքան հեշտ չէ ուղարկված լինել աշխարհի մեջ։ Ամեն մեկս նեղություններ ունենք, դժվարություններ ունենք։

Եթե այդ աշակերտներից մեկը լինեի՝ իմանալով ինչ որ հիմա գիտեմ, կասեի. «Հիսուս, մեզ մենա՞կ ես ուղարկելու»։ Բայց Հիսուսը, իմանալով աշակերտների սիրտը, ասաց. «Ես ձեզ որբ չեմ թողնի»։ Եվ եկեղեցին ուղարկելով, մինչև եկեղեցին ուղարկելը, Հիսուսը մի ուրիշին է ուղարկում։ Ասում է. «Ես Հորս կխնդրեմ, և Ինքը Մխիթարիչ Սուրբ Հոգին կուղարկի ձեր մեջ. ձեր հետ կլինի, ձեր մեջ կլինի»։

Տեսնում ենք, որ Աստված մեզ մենակ չի թողնում այս ծառայության մեջ։ Սիրելի քույրեր, եղբայրներս, մեկս մյուսի ոտքերը լվանալով Հիսուս Քրիստոսի այդ խորհուրդն ենք կատարում, որ մենք մեկս մյուսի ոտքերը Աստծո Հոգով պատրաստում ենք, որ ուղարկվենք աշխարհի մեջ, որ խաղաղության ավետարանը քարոզենք։

Սուրբ Հոգու և խաղաղության կարևորությունը ընտանիքում

Մենք ուղարկված ենք, սիրելի քույրեր, եղբայրներ, և նեղություններ կլինեն, դժվարություններ կլինեն։ Եվ ես կասեմ՝ այս կյանքի մեջ ամենադժվար բանը ընտանիքի միջի խնդիրներն են։ Մեր ընտանիքների մեջ շատ տկարություններ կան, թերություններ կան։ Բայց հիշենք, որ Սուրբ Հոգի կա՝ Մխիթարիչ Սուրբ Հոգին։ Մենք պետք է կանչենք Սուրբ Հոգուն մեր ընտանիքների մեջ էլ, որ Սուրբ Հոգին խառնվի մեր ընտանիքի գործերի մեջ, որ ողորմություն լինի մեր ընտանիքների մեջ։

Գիտեք, եկեղեցին կազմված է ընտանիքներով։ Երբ որ մեր ընտանիքները տկար են, եկեղեցին տկարանում է, և հակառակը։ Այդ երկուսը իրար հետ գործում են։

Առանց խաղաղության, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք չենք կարող աշխարհի մեջ գործել, աղ ու լույս լինել։ Սուրբ Հոգին խաղաղության Հոգի է։ Եթե մենք մեկս մյուսի հետ խաղաղություն չունենանք, մեկս մյուսի ոտքերը չենք կարող լվանալ։ Երբ որ ես քո ոտքերը լվանում եմ, ես Աստծո սիրով ասում եմ. «Հա՛յր, մաքրի, սրբի եղբորս, եղբորս պատրաստի, որ գնա խաղաղության Ավետարանը քարոզի»։

Բայց եթե խաղաղություն չկա մեջս, եթե չոքում եմ եղբորս առաջ, և իմ եղբորս ատում եմ, չեմ կարողանում տանել, այդ լվանալը օգուտ տալո՞ւ է, սիրելի քույրեր, եղբայրներ։ Մեկս մյուսի սիրելը, երբ որ մեկս մյուսի սիրենք ինչպես Աստծո խոսքն է մեզ պատվիրում, այն ժամանակ աշխարհը կիմանա, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք։

Եվ կուզեմ 17-րդ գլուխից Հիսուսի վերջին խոսքերը կարդալ.

«Որպեսզի ամենքն ալ մեկ ըլլան, ինչպես դուն, ո՛վ Հայր, իմ մեջս ու ես քո մեջդ, որպեսզի անոնք ալ մեր մեջ մեկ ըլլան, և աշխարհ հավատա թե դուն ղրկեցիր զիս»։

Այսինքն՝ այդ միաբանությունը, որ եկեղեցին ունենում է մեկը մյուսի հետ, Քրիստոսի հետ մեկ են։ Եվ Սուրբ Հոգին պետք է միաբաներ նրանց։ Եվ դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք ուղարկված ենք։ Եկեղեցին մեկ է, սուրբ է, ընդհանրական է և առաքելական է։

Եզրափակիչ աղոթք

Եկեք ոտքի կանգնենք, աղոթք անենք, սիրելի քույրեր, եղբայրներ։

Բարի, ողորմած Հայր Աստված, փառք ենք տալիս ու գոհանում ենք։ Շնորհակալ ենք ու փառավորում ենք, որ մեզի ներեցիր, մաքրեցիր, սրբեցիր և այս աշխարհի մեջ մեզի գործ տվեցիր։ Դու եկեղեցուն ուղարկեցիր աշխարհի մեջ, որ աղ և լույս լինի, Տեր Աստված։ Օգնի, որ աղ ու լույս լինենք։ Օգնի, որ մեկս մյուսի սիրենք, ինչպես Դու մեզի սիրեցիր։ Մինչև այսօր դրա մեջ թերացել ենք, տկարացել ենք, մեղավոր ենք դրա մեջ, Տեր Աստված։

Ուղարկի Քո սիրո Հոգին, թող լեցնի մեր սիրտը Քո սիրով, Տեր Աստված։ Խնդրում ենք, ուղարկի Քո Հոգին այս եկեղեցու մեջ, որ մեր սրտերի, մեր մտքերի, մեր մարմինների վրա աշխատանք տանի։ Օգնի, որ մեկս մյուսի ներենք։ Օգնի, որ մեկս մյուսի համբերենք։ Փառք ենք տալիս, գոհանում ենք, շնորհակալ ենք ու փառավորում ենք Քո մեծ ու պատվական անունը։ Եվ այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Ամեն։

← Վերադառնալ Բլոգին