Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց Իր բոլոր ողորմությունների համար, Իր բոլոր բարիքների համար։ Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։
Ուզում եմ շարունակել Հովհաննես 13-րդ գլխի վրայով կարդալ ոտնալվայի մասին։ Հիսուսը, երբ որ արդեն իմացավ Իր ժամը մոտ է, հասկացավ, թե Իր վախճանը որն է, գիտեր, որ Ինքը Իր աշակերտներին՝ նրանք, ովքեր ամեն բան թողել էին, որ Իրեն հետևեին, պետք է հաստատեր, զորացներ, հորդորեր, խրատեր, ուղղություն տար, որովհետև շուտով Իր ժամանակը մոտ էր և իրենք պետք է Իր գործը շարունակեին։
Եվ Ինքը չի սկսում խոսքերով, այլ մի հրաշալի օրինակ է ցույց տալիս աշակերտներին, որ այդ օրինակը ընդունելով և կատարելով՝ այդ կյանքը իրենք միմյանց հետ, միմյանց նկատմամբ այդպիսի ձևով ապրեն։ Գրված է, որ Հիսուսը, արդեն որ գիտեր Իր ժամը հասել էր, Իր աշակերտների ոտքերը լվաց և հետո լվանալուց հետո որոշ խոսքեր է ասում։
Եվ եթե ուղղակի այդ խոսքերը ասած լիներ ու ոտնալվայի ընթացքում Ինքը Պետրոսի հետ չխոսեր, որոշ բաներ այս ոտնալվայի վրայով կմտածեինք, որ ուղղակի խոնարհության մասին է խոսում Հիսուսը, որ մեկս մյուսի հանդեպ պետք է խոնարհ լինենք, ինչպես Ինքն էր խոնարհ։
Պետրոսի արձագանքը և բաժին ունենալը
Եվ դա դրա մեջը կա, բայց Պետրոսի խոսակցությունը Հիսուսի հետ ցույց է տալիս, որ այստեղ ավելին կա, որովհետև Հիսուսը ասում է. «Եթե Ես քո ոտքերը չլվանամ, Ինձ հետ բաժին չունես»։
Կուզեմ կարդալ Հովհաննու Ավետարանի 13-րդ գլուխ, 4-րդ խոսքից։
«Ընթրիքեն ելավ և հանդերձները մեկդի դրավ, ու ղենջակ մը առնելով՝ մեջքը փաթթեց, ետքը կոնքին մեջ ջուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ և իր փաթթված ղենջակովը սրբել։ Եվ երբ եկավ Սիմոն Պետրոսին, ան ըսավ իրեն. Տե՛ր, դո՞ւն իմ ոտքերս պիտի լվաս։ Հիսուս պատասխան տվավ ու ըսավ անոր. Ես ինչ որ կնեմ, դուն հիմա չես իմանար, հապա ետքը պիտի իմանաս։ Պետրոսը ըսավ անոր. Բնավ դուն իմ ոտքերս պիտի չլվաս։ Պատասխան տվավ անոր Հիսուս. Եթե քեզ չլվամ, դուն ինծի հետ բաժին չունիս։
Սիմոն Պետրոսը ըսավ անոր. Տե՛ր, ոչ միայն ոտքերս, հապա նաև ձեռքերս ու գլուխս։ Հիսուսը ըսավ անոր. Լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան պետք չէ, ալ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք, ոչ թե ամենքդ... վասնզի կճանչնար զանիկա, որ զինք պիտի մատներ, անոր համար ըսավ, ոչ թե ամենքդ ալ մաքուր եք։ Երբ անոնց ոտքերը լվաց և իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոնց»։
Եվ հետո արդեն որոշ բաներ խոսում է։
Երբ որ նայում ենք Պետրոսի ու Հիսուսի մեջ խոսակցությունը, տեսնում ենք, որ խոնարհության հետ կապված ոչ մի բան չի խոսում։ Պետրոսը Հիսուսին սխալ է հասկանում, մտածում է՝ ուղղակի Հիսուսը խոնարհվելով իր ոտքերը լվանում է։ Եվ դրա համար Պետրոսը ասում է. «Դու իմ ոտքերը երբեք չես լվա. Դու Տեր ես, Դու Թագավոր ես, Դու ես մեր Վարդապետը, մեր Ուսուցիչը»։
Բայց Հիսուսը նրան ասում է. «Ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանա, հետո կհասկանաս»։ Խոնարհության հետ կապված, եթե մի վիճակ լիներ, կասեր. «Պետրոս ջան, մի խոնարհության օրինակ եմ քեզ թողնում, որ դու էլ անես, որ դուք էլ խոնարհ լինեք իրար հետ, միմյանց, մեկդ մյուսի հանդեպ խոնարհ լինեք»։
Բայց Հիսուսը ասում է. «Եթե քեզ չլվամ, Ինձ հետ բաժին չունես»։ Այստեղ բաժնի մասին է խոսում։ Աստված առանձնացնում էր Ղևտացիներին մի սուրբ գործի համար։ Եվ եթե այստեղ Պետրոսի ոտքերը չլվանար, այդ բաժինը չէին ունենա։
Եվ տարբեր տեղեր այդ բաժնի մասին խոսում է. իհարկե երկնքի արքայության բաժինը, հավիտենական կյանքի բաժինը, եկեղեցու հաղորդ լինելը մեկս մյուսի մեջ, Սուրբ Հոգու պարգևների, Սուրբ Հոգու գործերի, Սուրբ Հոգու պտուղների մեջ բաժին ունենալը, Աստծո արքայության բաժինը, հաղորդության հացի և գինիի, այսինքն՝ Քրիստոսի մարմնի և արյան մեջ բաժին ունենալը։
Լողացված և լվացված լինելու տարբերությունը
Ասում է. «Լվացվածին բան պետք չէ լվալ, բացի իր ոտքերը, և ամբողջովին մաքուր եք, բայց ոչ թե ամենքդ մաքուր եք», որովհետև գիտեր Իրեն մատնիչին։
Հայերեն թարգմանությունների և մի քանի անգլերեն թարգմանությունների մեջ նույն բառն են ասում։ «Լվացվածին բան պետք չէ, բացի ոտքերը լվանալ»։ Լվացված, լվանալ՝ նույն բառից են դուրս գալիս, նույն արմատից է։ Մի հայկական թարգմանության մեջ կա՝ «լողացվածին լվանալ պետք չէ»։
Երբ որ մտածում ենք Աստծո կյանքի մեջ, որ ապրում ենք որպես հավատացյալներ, երբ որ ապաշխարում ենք, Քրիստոսին հավատում ենք, Քրիստոսը մեր բոլոր մեղքերը ներում է, մաքրում է, սրբում է։ Մկրտվում ենք ջրով, դուրս ենք գալիս, կարծես թե դա մեր մարմինը ֆիզիկապես ներկայացնում է, որ մտնում է, թաղվում է, նոր հարություն է առնում, այդ լվացումը ամբողջ մարմնի կատարվում է։
Հիմա, երբ որ մեր եկեղեցում, շատ եկեղեցիներում մինչև ջրով մկրտվելը այդ առաջին խոստովանություն կա, այդ առաջին խոստովանությունը արվում է։ Ու պատկերացրու՝ այդ առաջին խոստովանությունը լինի ու ասեն. «Լավ, դու խոստովանվեցիր, մկրտվեցիր, պրծար, էլ պետք չէ խոստովանվես, դու արդեն լավ ես, հանգիստ դու գնա»։
Բայց մենք սովորեցնում ենք, որ շարունակաբար այդ խոստովանության կյանքը, այդ լվացման կյանքը մարդը պետք է ապրի։
Աստված պտուղ բերողներին էլ ավելի է մաքրում, որ էլ ավելի պտուղ բերեն։ Շատ անգամ մտածում ենք, որ «Տեր Աստված, մաքրի, սրբի ինձ», մարդը մտածում է՝ դա կամ անհավատի համար է, կամ նրա, որ մեղքի մեջ է, կամ սխալների մեջ է։ Ոչ։ Կարող է այստեղ մարդիկ լինեն, որ լիքը պտուղ են բերում, և հենց այդ մարդկանց էլ ավելի մաքրել է պետք, որ էլ ավելի մաքուր լինեն և պտուղ բերեն։
Մաքրությունը և հաղորդության սեղանը
Եվ դրա համար ոտնալվան մտնում ենք, մաքրվում ենք և գալիս ենք պատրաստ ենք, որ Տիրոջ արյունը և մարմինը ճաշակենք։ Ուտենք և խմենք, և կյանք ունենանք։
Եվ եթե այդ փափագով, այդ սրտով, այդ վիճակով ենք մտնում այդ սուրբ վայրը, դա սուրբ վայր է իրականում։ Պատկերացրեք՝ Աստծո խոսքի մեջ առաքյալները, երբ որ հրեշտակ են տեսնում, մեռած մարդու պես ընկնում են։ Մենք ասում ենք՝ Տերը ներկա է։ Դա մարդկային մտքով շատ զարմանալի բան է. Տերը ներկա է։
Ապաշխարության կոչ և աղոթք
Բարի, ողորմած Հայր Աստված, ամեն բանի համար, ամեն բանի մեջ գոհանում ու շնորհակալ ենք, փառավորում ու մեծարում ենք Քեզ։ Փառք Քեզ, փառք Քեզ, փառք Քեզ։ Փառք Քեզ, որ մեզ պիտանի անոթներ ես սարքել։ Որ մենք, Տեր Աստված, մի ժամանակ անպետք էինք, մի ժամանակ ժողովուրդ չէինք, մի ժամանակ Քոնը չէինք, բայց մեզ Քո ժողովուրդը դարձրեցիր։ Մի ժամանակ անողորմ էինք, Տեր Աստված, բայց Դու ողորմություն արեցիր։ Ողորմություն գտանք Քո մեջ, Տեր Հիսուս Քրիստոս։
Փառք Քեզ, փառք Քեզ, փառք Քեզ։ Եվ այս անոթները, Հայր, որ ամեն մեկիս պարգևել ես, այս մարմինները, մեր հոգին, մեր շունչը, մեր միտքը, մեր ամբողջ էությունը, Քո մաքրության կարիքն ունի։ Հայր, մեզ էլ ավելի մաքրի, որ կարողանանք պտուղ բերենք։ Էլ ավելի ուղղի, շտկի, դաստիարակի։ Էլ ավելի թող Քո Սուրբ Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրի ամեն մեղքից, ամեն չարիքից, ամեն անիրավությունից։ Թող Քո Սուրբ Հոգու կրակը այրի մեր սրտի խորքի ամեն խավար անկյունները։
Հայր, Քո մաքրության կարիքն ունենք։ Հայր, լվա, մաքրի, սրբի։ Քո Սուրբ Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը թող մեր մեջ, Տեր Աստված, կենդանի դառնա։ Մաքրի և սրբի Քո ժողովրդին։ Օգնի և ողորմություն արա, Հայր։ Քո կարիքը շատ ունենք։ Խնդրում ենք, Տեր Աստված։ Ինչ թերություն կա, ինչ սխալներ կա, Տեր Աստված, այս ժողովրդի մեջ, Քո ժողովրդի մեջ, ուղղի մեզ, շտկի մեզ, դաստիարակի մեզ, խրատի մեզ։ Տեր Աստված, հպարտությունը կոտրի մեր միջից, գոռոզությունը կոտրի, նենգությունը քանդի։ Խավարի գործը, Տեր Աստված, մի թող հաջողվի Քո ժողովրդի մեջ։ Մաքրի մեզ, մաքրի։ Քո մաքրության կարիքը շատ ունենք։
Օգնի, Տեր Աստված, օգնի ու ողորմություն արա Քո ժողովրդին։ Փառք ենք տալիս, գոհանում ենք ու շնորհակալ ենք, փառավորում ենք ու մեծարում ենք Քո մեծ ու պատվական անունը։ Եվ այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն։ Ալելուիա։ Ամեն։