Փառք Տիրոջը: Շնորհակալ ենք Աստծուց Իր բոլոր ողորմությունների համար, Իր բարիքների համար, Իր հաշտների համար, երգերի, խոսքերի, աղոթքների համար: Մեծից մինչև փոքրի համար շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր էլ կյանք տվեց, հնարավորություն տվեց: Թող Տերը փառավորվի, սիրելի քույր-եղբայրներ:
Աստծո օգնությամբ կուզեմ խոսել այսօր Երկրորդ Կորնթացիս 11-րդ գլուխ 2-ից 3 խոսքերի վրայով: 1-ից 4-ը կկարդանք, բայց ուշադրություն կդարձնենք 2-ից 3 խոսքերը: Գրված է Երկրորդ Կորնթացիս 11-րդ գլուխ 1-ից 4 խոսքերում.
«Երանի թե մի քիչ իմ անմտությանը ներեիք, բայց ներում էլ եք ինձ: Վասնզի ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձովը. որովհետև ձեզ մի մարդի նշանեցի, որ մի սուրբ կույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին: Բայց վախենում եմ, միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբը խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսումն է: Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզե, որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք, որ չառաք, կամ ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, լավ կհամբերեիք նրանց»:
Երբ որ նայում ենք Պողոս առաքյալը իր ծառայությունը Կորնթոսի եկեղեցում, տեսնում ենք, որ ինքը Կորնթոսի եկեղեցին հաստատեց: Ինքը Կորնթոսի եկեղեցու վրա հատուկ մի սիրտ ուներ: Ասում ա, որ ես ձեզ հայր եղա: Ասում ա՝ շատ ուսուցիչներ ունեք, բայց շատ հայրեր չունեք, ես ձեզ համար հայր եղա: Գիտենք ինքը, որ մեկուկես տարի այնտեղ մնաց և ուսուցանեց: Այնտեղ կար Պրիսկան և Ակյուղոսը նաև, նաև ընթացքում նրանք ուղարկեցին Ապողոսին, և համ Պողոսը, համ Ապողոսը գործ արեցին՝ մեկը տնկեց, մեկը ջրեց, Աստված աճեցրեց:
Բայց տեսնում ենք նույնիսկ այս առաքյալները, այս զորավոր մարդիկ, որ այս եկեղեցու վրա աշխատանք էին տարել, ջանք էին թափել, աղոթք, աղաչանք, ծոմապահություն, ինչքան բաներ, որ արել էին, դեռ տեսնում ենք այս եկեղեցու մեջ շատ խնդիրներ կային: Խաչյալ Քրիստոսի վրա խնդիրներ կային, կռապաշտության վրա, կուռքերին զոհվածների վրա, պոռնկության, շնության վրա, Տիրոջ սեղանի վրա, գլխաշորի, Հոգու պարգևների, մարգարեությունների, լեզուների խոսելու, հարության վրայով և նման բաներ՝ փոքր-փոքր տարբեր տեսակի բաներ կային այդ եկեղեցում: Եվ առաջին նամակի մեջ կարծես թե ինքը ուղղությունն է տալիս, դեռ ոնց որ վիճակը լուրջ չէ, ուղղություն է տալիս, որովհետև կային սխալ գաղափարներ, հասկացողություններ, և ինքը հիշացնում էր՝ ես ձեզ այսպես սովորեցրեցի, այսպես էի ձեզ ասել:
Բայց տեսնում ենք արդեն Երկրորդ Կորնթացիների մեջ, որ այնտեղ հենց խոսում է, որ սուտ առաքյալներ կան, սուտ մշակներ կան, և ասում է՝ նույնիսկ սատանայի... սատանան լույսի հրեշտակի կերպարանքով կարող է ներկայանալ, էլ մեծ բան չի, որ նրա պաշտոնյաներն էլ այդ նույն ձևով մոտենան:
Սիրելի քույր-եղբայրներ, Կորնթոսի եկեղեցում ֆիզիկապես այդ սուտ մարգարեները, այդ սուտ լուսո հրեշտակները, այդ սուտ մշակները մտել էին եկեղեցու մեջ և քանդում էին: Բայց ներկա օրվա մեջ բոլոր եկեղեցիների մեջ ավելի մի մեծ վտանգ կա, որովհետև երբեք պետք չի սուտ մարգարե մտնի եկեղեցու մեջ, երբեք պետք չի չար մշակ մտնի եկեղեցու մեջ, երբեք պետք չի սուտ առաքյալ մտնի եկեղեցու մեջ, բայց գիշեր-ցերեկ մենք նայում ենք և լսում ենք թե՛ քարոզներ, թե՛ երգեր, թե՛ կինոներ, թե՛ տարբեր տեսակի բաներ, որ մենք դրանցով սնվում ենք: Եվ մեզ... մեր մեջ բաներ է հաստատում:
Եվ եթե շաբաթվա մեջ բոլոր պաշտամունքներին մեկը ներկա լինի, ասենք՝ 6 ժամ, որ լավ մարդը լսի, ուշադրություն դարձնի, ասենք՝ 6 ժամ պաշտամունքը լսի, լավ, հաղորդությունն էլ ավելացնենք՝ 8 ժամ, այդ 8 ժամվա մեջ մոտավորապես 4 ժամ քարոզ կա, և այդ քարոզները մինչև վերջ լսի, նույնիսկ այդքան էլ որ լսում է, առնում է, դրսում ավելի շատ է լսում: Որովհետև գիշեր-ցերեկ այսօր մեզ տարբեր ձևերով քարոզներ, գաղափարներ, վարդապետություններ երկիրը, աշխարհը տարբեր ձևերով սովորեցնում է:
Եվ Պողոս առաքյալը, որովհետև ինքը այդ եկեղեցու հայրն էր, և ինքը չէր ուզում, որ նրանք սուտ մարգարեներից կամ սխալ վարդապետությունների տակ մտնեին, ինքը իրանց խրատում էր, ուսուցանում էր: Եվ երկրորդ և երրորդ խոսքերի վրա ուզում եմ ուշադրություն դարձնենք. «Վասնզի ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձովը. որովհետև ձեզ մի մարդի նշանեցի, որ մի սուրբ կույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին: Բայց վախենում եմ, միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբը խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից դեպի Քրիստոսը» կամ «որ Քրիստոսումն ունեք»:
Եվայի խաբվելը և հայացքի փոփոխությունը
Տեսնում ենք, որ Մովսեսի օրենքը ներկայացնում է, սովորեցնում է՝ Աստված նախանձավոր Աստված է: Ինքը Իր փառքը սուտ աստվածների, կուռքերի չի տալիս: Եվ գիտենք՝ Փինեհեսը կար, որ Աստծո նախանձով... Փինեհեսը Աստծո նախանձը ուներ իր մեջ և կանգնեցրեց դատաստանը, որովհետև ինքը գնաց և Աստծո գործը գործեց ու կանգնեցրեց այդ խավարը: Եվ տեսնում ենք՝ Պողոս առաքյալը այդ նախանձավորությունը ուներ Աստծո ժողովրդի վրա: Եվ ինչպես մի հայր իր կույս աղջկան պահում է, պաշտպանում է մինչև տա մի ուրիշ մարդու, այնպես էլ Պողոս առաքյալը Կորնթոսի եկեղեցու վրայով այդպիսի միտք ուներ, այդպիսի ձևով ինքը խնամում էր, նայում էր, մտածում էր, աղոթք էր անում և նրանց սովորեցնում էր:
Եվ ինչպես որ Աստված Եվային Ադամի կողքից ստեղծեց և ներկայացրեց Ադամին, Պողոս առաքյալը որպես հոգևոր հայր Կորնթոսի եկեղեցուն որպես մի հարս պատրաստեց և սուրբ ներկայացրեց Քրիստոսին: Բայց ասում ա՝ վախենում եմ, որ ինչպես Եվան խաբվեց, դուք էլ խաբվեք: Եվ տեսնում ենք, որ Եվան իրոք խաբվեց: Օձը եկավ և նրա մեջ Աստծո նկատմամբ կասկածներ լցրեց, Աստծու... Աստծու մասին սուտ բաներ ասեց: Եվ իրենց... իրա տեսադաշտը, իրա նայվածքը Աստծո վրա արդեն մի ուրիշ նայվածք ուներ, սիրելի քույր-եղբայրներ:
Տեսնում ենք, որ Եվան մինչև այդ պահը Աստծո նկատմամբ կասկածամիտ չէր: Չէր կասկածում, որ Աստված նրան սուտ ա խոսում, Աստված նրանից բարիք է պահում: Բայց սատանան սերմ ցանեց Եվայի սրտի մեջ և մտքի մեջ: Նրա միտքը ապականեց, և Եվան ականջ դրեց, լսեց, և նրա միտքը ապականվեց, և դրա համար կասկածամիտ եղավ Աստծո նկատմամբ: Միգուցե Աստված ինձանից մի բան պահո՞ւմ է:
Տեսնում ենք՝ գրված ա, բոլոր ծառերը տվել էր նայելու հաճելի և ուտելու քաղցր: Բայց Եվան, որովհետև Աստծո նկատմամբ կասկածամիտ եղավ, մնացած այդ պարտեզը, այդ ազատությունը, այդ օրհնությունը, այդ շնորհքը մոռացավ, և իրա համար մնաց այդ մի ծառը: Ինչո՞ւ համար Աստված չի թողնում, որ այս ծառին մոտենամ: Նշանակում ա Աստված մի բարիք է ինձանից պահում, չի ուզում ես այդ բարիքը ընդունեմ: Եվայի աչքերը դառնում են ծառին, և ինքը մնացած բաները մոռանում ա: Եվ գրված ա՝ որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, որ հաճելի է աչքերուն: Բոլոր ծառերը այսպես էին՝ քաղցր էին ուտելու, հաճելի էին նայելու, Աստված բարիք չէր պահում: Բայց այս երրորդը՝ որ ծառը փափագելի էր նայելու համար, և այստեղ մի ուրիշ ձևով այս «նայելու» բառը հասկանանք, որ գրավում էր ուշադրությունը, սիրելի քույր-եղբայրներ: Մի ուրիշ թարգմանության վրա՝ ցանկալի էր իմաստուն դարձնելու համար, մի ուրիշ թարգմանության մեջ՝ գրավիչ էր ըմբռնելու համար: Գրավում էր իրեն:
Եվ դրա համար Աստված ասեց՝ մի՛ մոտեցի, որովհետև կգրավի քեզի, կտանի ինքն իրա մեջ, և երբ որ գրավի, դու ուրիշ բան չես տեսնի, մենակ դա կտեսնես: Եվ մտածում ես՝ դրանով իմաստո՞ւն կդառնաս, բայց այդ իմաստությունը ամոթ կլինի, որովհետև այդ իմաստությունով դու չես դառնում Աստծո... աստված կամ Աստծո նման, այլ այդ իմաստությունով աչքերդ բացվում ա, և քո մերկությունն ես տեսնում, քո ամոթալի վիճակն ես տեսնում, և սկսում ես ծածկվել:
Թող Աստված օգնի, սիրելի քույր-եղբայրներ: Երբ որ այդ կասկածանքի սերմերը ցանեց Աստված... Եվայի մեջ, իրա տեսադաշտը քայքայվեց, պղտորվեց, և այդ միամտությունից, այդ պարզամտությունից Եվային դուրս հանեց: Եվ տեսնում ենք, որ Եվայի քայքայված միտքը իրա աչքերն էլ փոխեց: Երբ որ աչքերը տեսավ սխալ ձևով, իրա մարմինը երկարացրեց և վերկալեց: Երբ որ մարմինը մասնակից եղավ, արդեն մնացած բոլոր իրա հարաբերությունները մնացած ստեղծագործության հետ և Աստծո հետ քայքայվեցին, սիրելի քույր-եղբայրներ:
Աստված Ադամին ասում է. «Ադա՛մ, ո՞ւր ես»: Ադամը գալիս է և ասում է. «Մենք տեսանք, որ մերկ ենք, և քեզանից թաքնվեցինք»: Ինչո՞ւ ես մտածում, որ դու մերկ ես: Եվ հետո ներկայացնում է և ասում է. «Այն կինը, որ տվեցիր...», և հետո Եվան ասում է. «Այն օձը...»: Օձի վրա դատաստան է անում, կնկա վրա դատաստան է անում, մարդու վրա դատաստան է անում: Եվ տեսնում ենք, որ երբ որ մարդու միտքը ապականվում է և թույլ է տալիս այդ ապականված մտքով նայի և ցանկանա, արդեն երբ որ մտքի մեջ ա մտնում և աչքի... աչքով տեսնում ա, մարմինը մասնակցում ա, մարդու բոլոր հարաբերությունները քայքայվում են, քանդվում են:
Երբ որ տեսնում ենք՝ մեղքի անհնազանդության պատճառով Ադամն ու Եվան Աստծու հետ հաղորդակցությունից զրկվեցին: Մեկը մյուսի նկատմամբ իրենց հաղորդակցությունը քայքայվեց՝ ոչ թե արդեն սիրո հաղորդակցություն եղավ, այլ մեկը մյուսին իշխելու հաղորդակցություն եղավ: Տեսնում ենք, որ Եվան պետք է... գրված ա՝ բազմացեք, աճեցեք և երկիրը լցրեք, բայց Եվայի համար դա արդեն դժվարություն, նեղություն, ցավ ու տանջանք եղավ: Ադամն էլ հողի վրա պետք է աշխատեր. Ադամի հարաբերությունը հողի հետ քայքայվեց, տեսնում ենք, որովհետև արդեն այդ հողը փուշ և տատասկ պետք է բուսներ: Արդեն այդ անեծքները իրենց վրա տիրեցին, և հետո Աստծո այդ սուրբ պարտեզից զրկվեցին:
Մարդը մտածում է, որ ոչինչ, միտքը եկավ: Բայց երբ որ միտքը գալիս է, արդեն սկսում է աշխատանք տանել, սկսում է ապականել: Եվ հետո աչքն ա մտնում դրա մեջ, հետո ցանկությունն ա մտնում, հետո մարմինն ա մասնակցում: Եվ երբ որ մենք այդպիսի բան ենք անում, արդեն հերթականության որոշ հաղորդակցություններ, հարաբերություններ քայքայվում են, փչանում են: Եվ պետք ա հետ վերադառնանք, որ այդ բոլորը կարողանանք նորից, ոնց որ ասած, ունենանք Աստծմով:
Խավարը, սատանան, թշնամին ուզում ա եկեղեցու մեջ այդ հաղորդակցությունները տարբեր այդ աստիճանների՝ Աստծո հետ, մեկս մյուսի հետ, Աստծո ստեղծագործության հետ, նույնիսկ մենք մեր մարմնի հետ՝ մենք մեր մարմնին ինչպիսի ձևով ենք տեսնում, այդ բոլոր հաղորդակցությունները ուզում է քանդել:
«Քրիստոսումն եղած պարզամտությունը»
Ես ուզում եմ մի հատ բառի վրա կենտրոնանանք. գրված ա՝ «այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսումն էր»: Մի ուրիշ թարգմանություն ասում ա՝ «ձեր միտքը շեղվի ի Քրիստոս եղած անկեղծ և մաքուր նվիրումից»: Մի ուրիշ թարգմանության մեջ գրված ա՝ «նույնպես ձեր մտքերը ապականին Քրիստոսի հանդեպ եղած պարզամտությունից»: Տեսնում ենք, որ սրանք հայկական տարբեր Աստվածաշնչերից երեքն էլ որոշ չափով տարբեր ձևով են ներկայացնում այս գաղափարները ու որոշ չափով տարբեր գաղափարներ են: Եվ այս բառը շատ տարբեր մեկնաբանություններ ունի, որովհետև ուրիշ տեղեր Երկրորդ Կորնթացիների մեջ այս բառը օգտագործում է, բայց ուրիշ ձևերով է օգտագործում Պողոս առաքյալը:
Երկրորդ Կորնթացիս 1-ին գլուխ 12-րդ խոսքի մեջ ասում ա. «Մեր սրտի մաքրությունով և Աստծո պարզամտությունով մենք ձեզ ավետարանեցինք»: Երկրորդ Կորնթացիս 8-րդ գլուխ 2-րդ խոսքը, 9-րդ գլուխ 11 և 13 խոսքերը ասում ա՝ առատաձեռն եղանք: Էնտեղ գրված ա, չէ՞, Պողոս առաքյալը խոսում ա, որ Երուսաղեմի աղքատների համար փող են հավաքում, և իրանց ներկայացնում ա, ինչպես որ Մակեդոնիայի եկեղեցին առատաձեռն եղավ, և հետո ինչպես իրանց առատաձեռնությունը գոհություն, շնորհակալություն կբարձրացնի Աստծո համար: Այսինքն՝ «առատաձեռն» բառը «պարզամիտ» բառից շատ տարբեր է, «միամտությունից» էլ է շատ տարբեր, ու «անկեղծությունից» էլ է շատ տարբեր:
Հռոմեացիս 12-րդ գլուխ 8-րդ խոսքը՝ ընդեղ ներկայացնում ա տարբեր պարգևներ, ասում ա. «Բաշխողը զվարթությունով անի», ուրախությունով: Տեսնում ենք՝ տարբեր գաղափար է որոշ չափով ներկայացնում:
Հակոբոս 1-ին գլուխ 5-րդ խոսքը ասում է՝ ով որ Աստծուն խնդրի, Աստված առատաձեռն ձևով տալիս է, բաշխում է, տալիս է:
Հռոմեացիս 16-րդ գլուխ 19-րդ խոսքը նման բառ է օգտագործում. «Իմաստուն լինեք դեպի բարին և միամիտ դեպի չարը»: Մի ուրիշ թարգմանության մեջ՝ «աննենգ, առանց նենգությունով լինեք դեպի չարը»: Մի ուրիշ թարգմանության մեջ գրված ա՝ «ոչինչ չլինի խառնված ձեր մեջ, մաքուր եղեք, անմեղ եղեք»:
Տեսնում ենք՝ այս բառը շատ տարբեր ձևերով ա թարգմանվում, և ուրիշ տեղեր էլ կան այս բառը օգտագործվում ա: Եվ նայած թե թարգմանություն՝ մի 6, 7, 8, 9, 10 տարբեր թարգմանություններ կան, չեմ ասում հլը անգլերենը, երբ որ կարդում ես անգլերենի մեջ էլ որոշ մտքեր կան, որ ուրիշ ձևով են ներկայացնում:
Կուզեմ հատուկ կենտրոնանանք Մատթեոս 6-րդ գլուխ 22-րդ խոսքը, սիրելի քույր-եղբայրներ: Գնանք Մատթեոս 6-րդ գլուխ 22-րդ խոսքը: Այսպես է գրված. «Մարմնի ճրագն աչքն է: Արդ թե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի: Բայց թե որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խավար կլինի: Ուրեմն եթե այն լույսն, որ քեզանում է, խավար է, ապա խավարը որքա՜ն ավելի: Ոչ ով չէ կարող երկու տերերի ծառայել. որովհետև կամ մեկին կատե և մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե և մյուսին կարհամարհե»:
Այստեղ օգտագործում է «պարզ» բառը: Այդ նույն բառը՝ պարզ է աչքը: Անգլերեն թարգմանության մեջ «առողջ» բառն ա օգտագործում: Մի ուրիշ տեղ այս նույն բառի վրայով գրված ա՝ «ամբողջ, լիակատար, ընդհանուր»: Եթե քո աչքը ամբողջ լինի, ընդհանուր լինի, լիակատար լինի:
Եվ այստեղ ուզում եմ էն մտքի վրա կենտրոնանանք, որ երբ որ մարդը Աստծո նկատմամբ իրա միտքը պարզ է, կասկածամիտ չէ, ուրիշ բաներ չկան խառնված դրա մեջ, երբ որ պարզ է, ուղիղ է, մաքուր է, ամբողջ է, քանդված չի, բաժանված չի մարդու աչքը, ինքը արդեն ազատությամբ կարողանում է տալ, բաշխել, առատաձեռն է: Բայց երբ որ մարդը կասկածամիտ է լինում Աստծո նկատմամբ, բոլորի նկատմամբ արդեն կասկածամիտ է լինում, արդեն սկսում է ոխ պահել, արդեն նախանձ է ունենում, արդեն երբ որ տալիս է, մտածում է՝ արժե՞ր դրան տայի, արդեն երբ որ մի բարի բան անում է, ասում է՝ արժե՞ր սա անեի: Արդեն ծուռ ա իրա միտքը, ցռվել ա, ու պարզ ձևով, ուղիղ ձևով չի նայում իր Աստծուն, և դրա համար մնացած իրա կյանքը, տեսնում ենք, ցռվում է:
Դրա համար ասում ա՝ եթե աչքդ պարզ է, քո աչքը ճրագն է քո մարմնի, եթե պարզ աչք ունես, քո մարմինը բարի կլինի, լուսավոր կլինի, ճշմարտության ճանապարհի մեջ կլինի, սիրելի քույր-եղբայրներ:
Աստծուն կամ մամոնային ծառայելը
Մատթեոս 20-րդ գլուխ 15 խոսքի մեջ, երբ որ այն առակը տալիս ա՝ ամեն մեկին մեկ դահեկան է տալիս, երբ որ էն առաջինները բողոքում են, ասում ա՝ «Ձեր աչքը որ չա՞րն է, ու ես բարի եմ դրա համա՞ր»: Այսինքն՝ մարդը չար աչք ա ունենում և ոչ թե բարի աչք, ինչպես Աստված ունի մեր նկատմամբ:
Սիրելի քույր-եղբայրներ, դրա համար կարևոր է, որ մենք մեր աչքերը ի՞նչ անենք՝ մաքրենք, սրբենք Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով, և բաժանված չլինենք, պարզ լինենք, ուղիղ լինենք, ամբողջ լինենք: Դրա համար հենց դրանից հետո ասում ա՝ ոչ ով չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի: Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային:
Եվ տեսնում ենք, որ օձը եկավ և Եվային խաբեց, և Եվայի նվիրվածությունը, ուղղությունը, մաքրությունը Աստծո նկատմամբ բաժանվեց: Նա սկսեց ցանկանալ այն, ինչը որ չպետք է ցանկանար: Ինքը ուզեց այն, ինչը որ իրան դեռ տրված չէր: Աստված իրա ժամանակին ինչ որ պետք էր, Ադամին և Եվային կտար, բայց ինքը իր ձեռքը մեկնեց, որովհետև արդեն իրա նվիրվածությունը, իրա հավատարմությունը, իրա վստահությունը Աստծո նկատմամբ կիսվեց: Համ արծաթասեր դարձավ՝ փոխաբերական իմաստով եմ ասում, համ էլ ուզում էր Աստծուն ծառայել: Համ մամոնային ուզեց ծառայել, համ Աստծուն: Եվ ասում ա՝ չես կարա այդպես անես, սիրելի քույր-եղբայրներ:
Հին Կտակարանի մեջ, երբ որ ասում ա՝ սիրի՛ր քո Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով և զորությունով, եբրայերեն թարգմանության մեջ գրված ա՝ քո ամբողջ մամոնայով: Այսինքն՝ մամոնան էն բանն ա, որ մարդը իրա բոլոր զորությունը, ունեցվածքը ունի, ինքը դրանով պետք է Աստծուն ծառայի և ոչ թե ծառայի այդ մամոնային:
Եվ ի՞նչ է Առակաց 3-րդ գլուխը գրված, վայթեմ 9-րդ և 10-րդ խոսքի մեջ ա, ասում ա՝ «Ձեր բոլոր ունեցվածքովը Աստծուն ծառայեք, Աստծուն տվեք»: Կուզեմ այդ խոսքերը կարդալ Առակաց 3-րդ գլուխ, ավելի սիրուն ձևով ա ներկայացնում:
Առակաց 3-րդ գլուխ. «Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքիցը և քո բոլոր բերքերի երախայրինիցը. Այն ժամանակ կլցվին քո շտեմարանները առատությունով, և քո հնձանները պիտի զեղանան նոր գինիով»:
Տեսնում ենք, որ մեր ամբողջ ունեցվածքով պետք է ծառայենք Աստծուն:
Եվ խավարը, սատանան մեզի խաբում ա, շփոթեցնում ա, որ ոչ թե մենք մեր ունեցվածքով ծառայենք Աստծուն, այլ մենք մեր ունեցվածքին ծառայենք: Արդեն մեր ունեցվածքի հետ կապվածություն ունենանք, որ արդեն այդ ունեցվածքը մեզի այնպիսի ձևով կապի, որ փորձենք էլ պոկվենք, չենք կարա: Դրա համար այս խոսքերից առաջ Մատթեոսի, ասում ա՝ որտեղ որ քո գանձերն են, այնտեղ էլ քո սիրտն են:
Այսինքն՝ այդ վիճակը, որ մարդը իրա ունեցվածքը, իրա զորությունը, իրա կարող ենք ասել փառքը, ինչ որ կա այս աշխարհի մեջ, երբ որ ինքը դառնում ա դրան ծառա, ահավոր վիճակ ա: Դրա համար երբ որ ասում ա՝ ոչ Աստծուն... կամ Աստծուն, կամ մամոնային, դրանից հետո ասում ա՝ դրա համար հոգս մի արեք: Հոգս մի արեք ոչինչ բանի համար: Հոգսը ինչի՞ց ա գալիս: Երբ որ այդ մամոնան ուզում է մեզ ծառայեցնի իրան: Երբ որ բարի և չարի գիտության ծառը մեզ գրավում է, և ուզում է, որ մենք ծառայենք դրան: Կայենին ի՞նչ ա ասում. ասում ա՝ մեղքը դռան մոտ է, և ինքը քեզ ուզում է, բայց դու նրա վրա իշխի՛ր:
Տեսնում ենք, սիրելի քույր-եղբայրներ, մեր ունեցվածքը, մեր մամոնան ուզում է մեզ ծառայեցնի: Մենք չթողնենք: Մենք նրա վրա ծառայենք, և մենք այնպիսի ծառայենք նրա վրա, որ իշխենք, որ Աստծուն հանձնենք, որ Աստված այդ բոլորը անի:
Տեսնում ենք, որ գրված ա՝ մարմնի ճրագը աչքն է: Եվ աչքը երկու ձևով կարող ենք հասկանալ. բաներ կան, որ մտնում են աչքով՝ մենք տեսնում ենք, բաներ կա, որ մենք մեր աչքով նայում ենք՝ մեր նայվածքի ձևը, սիրելի քույր-եղբայրներ: Եվ ե՞րբ է, երբ որ մեր մարմինը խավարում է: Երբ որ մեր աչքերով խավար բաներ ենք թողնում մեր մեջ մտնի: Ինչքան մեր աչքերով խավար բաներ նայենք, այնքան խավար կլցվի մեր մեջ, և մեր մարմինը կխավարի: Եվ եթե մտածում ենք, որ՝ «Օ, ինչ-որ ա աչքովս նայում եմ, իմ մարմնին վնաս չի տա», Աստծո խոսքը ներկայացնում ա, որ միտքը, աչքը, մարմինը, հոգին, շունչը՝ դրանք առանձին-առանձին բաներ չեն, որ այստեղ մարմնով մեղանչես և մտքով չանես, մտքով մեղանչես և մարմնով չանես: Այնպիսի ձևով ա Աստված մարդուն ստեղծել, որ իրար հետ հյուսված են: Որ երբ որ աչքով նայում ենք և ցանկանում ենք, ասում ա՝ քո սրտի մեջ արդեն շնություն գործեցիր:
Եվ դրա համար Աստված ուզում ա, որ մենք ամեն բանի մեջ նայենք, թե ինչպիսի ձևով ենք նայում: Լսենք, թե ինչպիսի ձևով ենք լսում: Որովհետև ինչ որ մեր մեջ մտնում ա, կա՛մ լուսավորելույ ա մեզի, կա՛մ մեզ խավարեցնելույ ա, սիրելի... խավար ա դարձնելու մեր սիրտը, մեր հոգին, մեր միտքը:
Ինչ ենք թողնում մեր աչքերի ու ականջների մեջ
Մատթեոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքը. «Երանելի են սրտով մաքուրները, որ նրանք Աստծուն պետք է տեսնեն»: Եվ եթե մեր մարմինը լույս է, Աստծուն լուսավոր աչքերով կտեսնենք, բայց եթե մեր մարմնի մեջ խավարն է լցված, Աստծուն խավար աչքերով պետք է տեսնենք: Եվ ասում ա՝ եթե ձեր միջի լույսը խավարած ա, ինչպիսի՜ խավար է դա: Նշանակում ա կրկնակի խավար է, որ երբ որ լուսավորված մարդու ներսը խավար է:
Գրված ա. «Ամեն ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ»: Դրա համար, սիրելի քույր-եղբայրներ, մեր աչքի ցանկությունների վրա ուշադրություն դարձնենք, սովորական բան չհամարենք: Երբ որ այդպիսի բան է գալիս ու ցանկանում ենք, խոստովանվենք, Աստծուն դառնանք, չսպասենք, չհեռանանք Աստծուց, չասենք, թե՝ «Ինչ-որ էր, մի հատ միտք էր էլի»: Գնանք Աստծուն, ասենք. «Տեր Աստված, այսպիսի ցանկություն ունեցա»: Ինչպիսի՞ լույս ենք թողնում մենք մտնի մեր աչքերի մեջ այսօր:
Ես մի բանի վրա կուզեմ կենտրոնանալ, որի վրա մենք գիշեր-ցերեկ կարող ենք ասել մեզ... մեր աչքերը լուսավորում է, բայց արհեստական լույսով և ոչ թե Աստծո լույսով. դա մեր հեռախոսներն է: Այդ մութ և խավար անդունդը արհեստական լույս է ստանում, զորություն է ստանում, և մարդիկ գիշեր-ցերեկ գրավվում են: Եղե՞լ ա ժամանակներ, երբ որ նայում ես քո հեռախոսին ու չես կարում աչքդ թեքես: Գրավում ա: Ասում ա՝ ինձի նայի՛, և այդ լույսը, որ գալիս է, այդ արհեստական լույսը, կասեմ մեծամասնությամբ խավարի լույս է մեր մեջ դնում: Աստծո լույսը մեր մեջ չի դնում:
Եվ մենք պետք է, սիրելի քույր-եղբայրներ, զգուշություն անենք, թե ինչպիսի լույս ենք թողնում մեր մեջ մտնի: Մեծ ձևով պետք է հսկենք, հսկենք գիշեր և ցերեկ, հսկենք այդ լույսի վրայով, որ մեր մեջ խավար չդնի, սիրելի քույր-եղբայրներ:
Այն լույսը, որ դուրս է գալիս մեր աչքից. եթե մեր մեջ լուսավոր է, մենք բարի աչք ունենք, մենք ցանկացող աչք ունենք, այսինքն՝ ուզում ենք մյուսին լավ լինի, լավատես ենք, մեր մեջ լույս ա, մեր դատելը, մեր չափելը Աստծո խոսքին համեմատ կլինի: Բայց եթե մեր մեջ չարություն կա, մենք կլինենք այն աշխատողների վրա, որ իրենք իրենց եղբայրների նկատմամբ չար աչք ունեին, չէին ուզում իրենք էլ ունենային, նախանձում էին, ուզում էին ցածրացնել, խայտառակել: Բայց Աստված ասեց. «Իմ աչքը բարի է, ձեր աչքը չար է»:
Եվ սիրելի քույր-եղբայրներ, ամեն մեկս պիտի նայենք, թե ինչպիսի ձևով ենք մեկս մյուսին նայում, դատում, չափում: Եվ եթե դատում ենք և չափում ենք և դրանից հետո բամբասում ենք, նշանակում ա մեր աչքը չար է: Թող Աստված օգնի, մեր աչքը մաքրի և սրբի և Իր Հոգիով լուսավորի:
Գրված ա Առաջին Հովհաննու 2-րդ գլուխ 15-16 խոսքը. «Եթե մեկը աշխարհքը սիրե, Հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը, և այս կյանքի ամբարտավանությունը, Հորիցը չէ, այլ աշխարհքիցն է»: Այստեղ տեսնում ենք, որ մարմինը և աչքը միացնում են: Եվ երբ որ մտածում ենք՝ Հոր սերը ո՞ր մեկն ա: Հոր սերը Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ հայտնվեց: Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է: Եվ երբ որ Հոր սերը մարդու մեջը չի, նշանակում ա Աստծո լույսը մարդու մեջը չի: Այդ ժամանակ ցանկությունը և հպարտությունն է մարդու մեջ: Դրա համար հսկենք մեր մեջ. «Տեր Աստված, Քո սերը իմ մեջ թագավորում է»:
Մատթեոս 5-րդ գլուխ 14-ից 16 խոսքերը ասում է.
«Դուք աշխարհքի լույսն եք. մի քաղաք, որ կենում է սարի վրա, կարող չէ թաքչվիլ: Եվ ճրագը չեն վառիլ և դնիլ գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և նա լույս կտա ամենին, որ տան մեջ են: Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է»:
Քրիստոսը՝ ճշմարիտ Լույսը
Մենք աշխարհքի լույսն ենք, և այս աչքերը ճրագն են: Եվ եթե մեր մարմինը լուսավոր է, աշխարհը կտեսնի այդ լույսը, որովհետև մենք մեր մարմնով բարի գործեր կգործենք: Բայց եթե մեր աչքը խավար է, մեր մարմնով բարի գործ չենք կարա գործենք, և աշխարհքը չի կարա տեսնի այդ լույսը, սիրելի քույր-եղբայրներ:
Երբ որ մտածում ենք լույսի մասին՝ արեգակի լույսը և արհեստական լույսը մեծ տարբերություն է: Արեգակի լույսը ճշմարիտ լույս է, իրական լույս է: Այս արհեստական լույսը ուղղակի, որ ուրիշ տեղից լույս չենք կարում, արհեստական լույս ենք բերում: Ես կարծում եմ, եթե հնարավորություն ունենայինք և մի հատ գեղեցիկ հսկա եկեղեցի ունենայինք և ընտրեինք՝ այս արհեստական լո՞ւյսը լուսավորի եկեղեցին, թե՞ արեգակի լույսը լուսավորի, 100% մարդիկ կընտրեն արեգակի լույսը, որովհետև արեգակի լույսը քաղցր է, հաճելի է, մարմնին առողջություն է, ճշմարիտ լույս է: Նմանապես, սիրելի քույր-եղբայրներ, այսօր հոգևոր կյանքի մեջ կա ճշմարիտ լույսը՝ Հիսուս Քրիստոսը, կա արհեստական լույսեր, որ գրված ա նույնիսկ սատանան կարողանում է լուսո հրեշտակի նման կերպարանափոխվի:
Դրա համար, սիրելի քույր-եղբայրներ, մենք ընտրենք ճշմարիտ լույսը, ճշմարիտ լույսի մեջ քայլենք: Դրա համար Սաղմոս 19-րդ գլուխ 8-րդ խոսքը ասում է. «Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը»: Սաղմոս 119:105-ը ասում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, և լույս իմ ճանապարհի համար»: Մի ուրիշ սաղմոս ասում է. «Քո լույսի մեջ լույս ենք տեսնում»: Եվ դրա համար, սիրելի քույր-եղբայրներ, եթե այդ Աստծո լույսից դուրս ենք ելել, մենք նշանակում ա խավար ենք տեսնում, մեր մարմինը խավար ա, մտնենք լույսի մեջ, որ լույս տեսնենք: Մի ուրիշ սաղմոս ասում է. «Լուսավորի՛ր իմ աչքերը, թե չէ մահվան քունը կքնեմ, կմտնեմ»: Այո: Եփեսացիս 5-րդ գլուխ 14 խոսքը ասում է. «Վե՛ր կաց, ո՛վ քնած, և վե՛ր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորե քեզ»:
Քրիստոսը աշխարհքի լույսն է: Բայց Հովհաննես 3-րդ գլուխ 19 խոսքը ասում է. «Եվ սա է դատապարտությունը, որ լույսն եկավ աշխարհքը, և մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են»: Թող Աստված հավիտյան մեզ դրանից հեռու պահի: Մենք լույսը սիրել ենք, դրա համար եկել ենք լույսին, սիրելի քույր-եղբայրներ:
Եվ Առաջին Հովհաննու 1-ին գլուխ 5-րդ խոսքը ասում է. «Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է, և ոչ մի խավար չկա նրանում: Եթե ասենք, թե հաղորդություն ունինք նրա հետ և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք անում: Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունինք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից»:
Թող Տերը փառավորվի: Եթե լույսից դուրս ենք ելել, չասենք՝ գիտե՞ս ինչ, լույսից դուրս եմ ելել, ամաչում եմ գամ լույսի մեջ: Որովհետև ինչքան հեռանանք լույսից, էնքան կամաչենք, էնքան կկապվենք: Արի՛ լույսի մեջ, արի՛ և խոստովանվի՛, արի՛ և զղջա՛, արի՛ և Տիրոջ առաջ քո ուխտը նորոգի՛, որ այդ լույսով լուսավորվես, և Հիսուս Քրիստոսի արյունը ինձ և քեզ ամեն մեղքից կսրբի, սիրելի քույր-եղբայրներ: Թող Աստված օգնի, որ դրա մեջ հաստատվենք:
Երկրորդ Կորնթացիս 3-րդ գլուխ 18 խոսքը ասում է. «Բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուցը: Սրա համար այս պաշտոնն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում: Այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, և խորամանկությամբ չենք վարվում, և Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին Աստծո առաջին: Իսկ եթե մեր ավետարանը ծածկված էլ լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում այս աշխարհքի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագե նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է: Որովհետև մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մեզ՝ ձեր ծառաներ Հիսուսի համար: Որովհետև Աստված, որ ասեց, թե խավարից լույս ծագե, Ինքն մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը»: Ամեն:
Եվ մենք նայելով Քրիստոսին՝ մեր հավատքի առաջնորդին և կատարողին, մենք լուսավորվում ենք: Եվ ի՞նչ էր ասում դրանից առաջ. երբ որ նայում ենք Քրիստոսի երեսին, մեր կյանքը, մեր մարմինը, մեր հոգին, մեր շունչը, մեր միտքը կերպարանափոխվում է փառքից փառք, ավելի նմանվում ենք Քրիստոսին, սիրելի քույր-եղբայրներ: Դրա համար գանք լույսին: Եվ ինչ որ տեսնում ենք մեր աչքերով, դա մեր մարմինների վրա մեծ դեր է խաղում: Ինչքան նայենք Քրիստոսին, այնքան մեր մարմինը կլուսավորվի, այնքան բարի գործեր կգործենք:
Խաչյալ Քրիստոսին նայելով
Վերջին խոսքը կուզեմ կարդալ Գաղատացիս 3-րդ գլուխ 1-ին խոսքը. «Ո՜վ անմիտ գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդիք, որոնց համար աչքերի առաջին նկարագրվեցավ Հիսուս Քրիստոսը խաչված ձեր մեջ»: Եվ այդ «կախարդեց» բառը հենց այն բառն է, ասում է՝ ո՞վ ձեզ չար աչքով նայեց: Այսինքն՝ այստեղ չար աչքով նայվածք կա, որ մարդուն հեռացնում է Աստծուն: Բայց մեր աչքը թող պարզ լինի, որ ամեն ժամանակ խաչյալ Քրիստոսը մեր աչքի առջև լինի: Եվ եթե խաչը մեր առջևն է, արդեն մենք խաչին կնմանվենք, խաչաձև մեր կյանքը, մեր ընթացքը կլինի:
Եվ Առաջին և Երկրորդ Կորնթացիների մեջի Պողոս առաքյալի խնդիրներից ամենամեծը ո՞րն էր. իրեն ինչո՞ւ համար էին այդ սուտ առաքյալները նախատում, ցածրացնում, ծաղրում: Որովհետև ինքը Քրիստոսի համար չարչարվում էր, խաչի կյանքն էր ապրում, խաչաձև էր իր կյանքը, նեղություն, տանջանք, ցավ ու վիշտ Աստծո ժողովրդի համար: Եվ իրանք նայում էին և ասում էին. «Եթե դու Աստծուց լինեիր, այդ խաչաձև կյանքը չէիր ունենա»: Բայց քրիստոնյայի համար այդ լույսը Գողգոթայից է գալիս, այդ լույսը խաչյալ Քրիստոսից ծագում է: Եվ մենք ինչքան նայում ենք խաչյալ Քրիստոսին, այնքան Իրեն նմանվում ենք: Եվ թող մեր կյանքը այդ խաչաձև կյանքը լինի, որ մեր շրջապատը լուսավորի, սիրելի քույր-եղբայրներ:
Թող Աստված օգնի, թող Աստված զորացնի, թող Աստված ուժ տա, կարողություն տա, զորություն տա և մեր աչքը մաքրի: Եվ եթե... եթե մեր աչքերով չար բաներ ենք նայել, եթե մեր ականջներով չար բաներ ենք լսել և դրանից չենք խոստովանվել, չենք հետ քաշվել, ժամանակն է, սիրելի քույր-եղբայրներ: Որովհետև դա մեր մարմնի, մեր հոգու, մեր շնչի վրա ազդեցություն ունի: Թող Աստված օգնի: Թող մեր ամբողջ հոգին, շունչը, միտքը, մարմինը լուսավոր անի Իր անվան ու փառքի համար: Ամեն: Թող Տերը փառավորվի: Եկեք աղոթք անենք: Աստված օրհնի:
Աղոթք
[Աղոթք]
Բարի, ողորմած Հայր Աստված, ամեն բանի համար, ամեն բանի մեջ փառավորում ենք, մեծարում ենք, գոհանում ենք և խոստովանվում ենք, բարի, ողորմած Հայր Աստված, որ մեր մարմինը որոշ չափով խավար բաներ իր մեջ ունի: Որովհետև մեր մարմինը նայում է, տեսնում է, լսում է բաներ, որ պետք ա հեռանա դրանցից: Մաքրի՛ր և ների՛ր Քո ժողովրդին: Սրբի՛ր մեր աչքերը, սո՛ւրբ արա, Տե՛ր Աստված: Քո սուրբ արյունովդ լվա՛ և մաքրի՛ր մեր աչքերը, Տե՛ր Աստված: Տո՛ւր, որ այս ճրագները լուսավոր լինեն, Տե՛ր Աստված, և միայն ընդունեն Քո լույսը իր մեջ, Տեր Հիսուս Քրիստոս: Օրհնյա՛լ Աստված, ողորմություն արա, մաքրի՛ր և սրբի՛ր մեզի: Եթե, Տե՛ր Աստված, լույսից հեռացել ենք, եթե լույսից ամաչում ենք, եթե լույսից վախենում ենք, Հա՛յր, այդ խավարը մեր միջից հանի՛ր, բե՛ր մեզի լույսի մեջ, որ խոստովանվենք, որ զղջանք, որ ապաշխարենք, որ ընդունենք Քո լույսը, որ նայենք Քո խաչին, և Քո խաչի լույսը մեզի նորոգի և զորացնի և նոր կյանք տա: Փառավորում ենք, մեծարում ենք Քո մեծ ու պատվական անունը: Թող այս ամեն բանի մեջ փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Ալելուիա, ամեն: