Սուրբ Հոգու կրակը

Aug. 26, 2026

Դիտել YouTube-ով

Ես ուզում եմ մեր մեջ Պենտեկոստե լինի, ժողովուրդ ջան։

Պենտեկոստեի օրը... Հին Ուխտում կար Պենտեկոստե։ «Պենտեկոստե» հունարեն է՝ հիսուն, տասնյակ, հիսուն օր։ Եվ Պենտեկոստեի օրը որ եկավ... Նախքան Պենտեկոստեի օրը Հիսուս Իր աշակերտներին ասաց, որ պետք է Երուսաղեմում սպասեն, վերևից զորություն առնեն, որպեսզի Իր վկաները լինեն։ Այդպես էլ եղավ։

Եվ Պենտեկոստեի օրը՝ Գործք Առաքելոց երկրորդ գլուխ, ուզում եմ կարդալ, ժողովուրդ ջան, ինչպես երգը երգեցի։ Ենթավերնագիրն ասում է՝ «Սուրբ Հոգու գալուստը»․

«Երբ Պենտեկոստէի տօնը եկաւ, ամէնքն ալ միաբան մէկտեղ էին: Յանկարծակի երկնքէն ձայն մը եղաւ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս եւ բոլոր տունը լեցուց՝ ուր նստեր էին: Բաժանուած լեզուներ երեւցան իրենց՝ որպէս թէ կրակէ, ու ամէն մէկուն վրայ նստան: Եւ ամէնքն ալ Սուրբ Հոգիով լեցուեցան ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ, ինչպէս Հոգին իրենց խօսել կու տար»:
Ալելուիա՜, ամեն։

Առաքյալները Սուրբ Հոգու կրակի կարիք ունեի՞ն, թե՞ չէ, ժողովուրդ ջան։ Առաքյալներին մինչև Հիսուսը Սուրբ Հոգու կրակով չլցրեց, չուղարկեց հեթանոսաց աշխարհը։ Սուրբ Հոգով լցվա՛ն, կրակի լեզուներ տրվեց նրանց, որ ամբողջ աշխարհը վառեցին իրենց Սուրբ Հոգու կրակով, ամեն։

Առաջին դարում մեր առաջին թագավոր Աբգար թագավորը, որ բորոտությամբ հիվանդ էր, նամակ ուղարկեց Հիսուսին։ Այդ նամակը ունեմ, որ գրել է Հիսուսին, Հիսուսի պատասխանն էլ Աբգար թագավորին, որ երկու առաքյալներին ուղարկում է։ Աբգար թագավորն ասում է՝ դու կա՛մ Աստված ես, կա՛մ Աստծո Որդին, որ այս բաներն ես անում։ Բայց պետք է խաչեին Հիսուսին։ Աբգար թագավորը զորքով գնում է, որ Երուսաղեմում այդ խաչողների հետ հարցերը լուծի, բայց հռոմեացիները չեն թողնում։ Հետո նամակով Հիսուսն ասում է՝ ես չեմ կարող գալ, որովհետև ես պետք է Իմ Ուղարկողի կամքը կատարեմ, բայց երկու առաքյալներին կուղարկեմ Հայոց աշխարհ։ Եվ ուղարկում է երկու առաքյալներին՝ Բարթողիմեոսին և Թադեոսին։ Ուղարկում է Հայոց աշխարհ, ու Հայոց աշխարհը վառում են երկու առաքյալները։ Իրենց քարոզով, Սուրբ Հոգու կրակով խոսում էին, և մարդիկ ու թագավորը ընդունում էին։

Սիրելի՛ Աստծո ժողովուրդ, կրակի մասին շատ համարներ եմ հանել ես, շատ։
Ղուկասի Ավետարան 12-րդ գլուխ, 49 համարի խոսքն եմ կարդում․ Հիսուսի խոսքն է․

«Ես կրակ ձգելու եկայ երկրի վրայ, ու ի՛նչ կ’ուզեմ՝ եթէ արդէն բորբոքած է»:

Ինչի՞ համար կրակ բերեց Հիսուսը։ Կրակ։ Մենք բոլորս, գյուղացիներս, գիտենք՝ կրակն ինչ բան է։ Կրակով տաքանում ենք, կրակով ճաշ ենք եփում, կրակով խորոված ենք անում․ ամեն բան կրակով է լինում։ Ինքնաթիռն էլ է կրակի զորությունով թռնում։ Կրակը որ վառում ես... Օրինակ, ես գյուղացի եմ եղել, մենք թոնիր էինք վառում։ Հայրիկս սելով գնում էր անտառ, ցախ էր բերում, ամբողջ ձմեռը վառում էինք։ Եվ որ վառում էինք, հետո քուրսի կար։ Քուրսի գիտեք, չէ՞, որ դնում էին թոնրի վրա, հավաքվում էինք տաքանալու համար՝ եղբայրներս, քույրերս։ Գալիս էինք այնտեղ, հետո քնում էինք տակը։ Տաքություն որ կար, հավաքվում էինք։ Ցուրտ ժամանակ մարդուն տաքություն է պետք, չէ՞, ժողովուրդ ջան։ Հավաքվում էինք այդ կրակի մոտ, այդ տաքության մոտ։ Երբ որ սառչում էր, առավոտյան ելնում էինք՝ ցուրտ էր նորից, ու արդեն բաժանվում էինք։

Կրակը տաքացնում է մեզ։

Կրակը պաղության հարցը լուծում է։ Կրակը կարևոր է մեզ։ Մեր մեջ որ կրակ լինի, կհավաքվեն մեր մոտ։ Եկեղեցիների մեջ որ Սուրբ Հոգու կրակը լինի, կհավաքվեն։ Քարոզները պետք է Սուրբ Հոգու կրակով լինեն, երգը պետք է Սուրբ Հոգու կրակով լինի, քարոզիչը պետք է Սուրբ Հոգու կրակով խոսի և պետք է լցվի, որ խոսի։ Պետք է կրակին մոտենաս, որ տաքանաս։

Կրակը նաև վառում է։

Պենտեկոստեի օրը վառեց առաքյալներին։ Ի՞նչը վառեց․ Պետրոսի երկչոտությունը վառեց։ Պետրոսը վախկոտ էր, չէ՞, վախենում էր, բայց Սուրբ Հոգու կրակը վառեց Պետրոսի վախը։ Թովմասի անհավատությունը վառեց։ Իմ եղբայրս ասաց՝ Նապայում հրդեհ է եղել, չէ՞, Արամ եղբայր, որ ահագին բաներ է վառվել՝ թանկարժեք տներ, ամեն բան։ Կրակը վառել է, դարձել է ի՞նչ՝ մոխիր։

Սուրբ Հոգու կրակը մեզ պետք է, ժողովուրդ ջան։ Ասում եմ՝ Տե՛ր Հիսուս, ինձ Քո Սուրբ Հոգու կրակով վառի՛ր, որ մեր «ես»-ը, մեր հպարտությունը, մեր ինքնահավանությունը, մեր չներելը, բամբասելը, եսասիրությունը, աշխարհասիրությունը վառի՛ Սուրբ Հոգու կրակը։ Ամեն։ Կարիք ունե՞նք, թե՞ չէ, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգու կրակի, որ Սուրբ Հոգու կրակը վառվի մեր մեջ։

Ասացվածք կա, որ մի մարդ ճանապարհով գնում է, տեսնում է մի մեծ եկեղեցի։ Կարծեմ այս պատմությունն ասել եմ, չեմ հիշում։ Մեծ եկեղեցի է տեսնում, մոտենում է, տեսնում է՝ ինչ ահավոր մեծ է։ Ժամկոչն էլ այնտեղ նստած է լինում։ Ժամկոչին ասում է․ «Ալֆրեդ ջան, այս եկեղեցին, որ այսքան մեծ ու սառն է, այս ժողովուրդն ինչպե՞ս պետք է տաքանա»։ Ժամկոչը պատասխանում է․ «Ցոլակ ջան, մեր եկեղեցու ծառայողը որ խոսում է, իրենից կրակ է դուրս գալիս, եկեղեցին տաքացնում է։ Սուրբ Հոգու կրակը տաքացնում է, երբ ինքը խոսում է»։

Երեմիային ասում է․ «Իմ խոսքը քո բերանի մեջ դրեցի որպես կրակ»։ Որ ի՞նչ անի՝ վառի՛, այրի՛, մոխի՛ր դարձնի։ «Եվ ժողովուրդը փայտ արեցի», այսինքն՝ ժողովրդի ամբարշտությունը, անհավատությունը այդ կրակը կվառի։ Թող կրակը դուրս գա մեր բերանից՝ Աստծո Խոսքը, որ ամեն անհավատություն վառի։ Աստծուն միա՛յն երկրպագենք Սուրբ Հոգու կրակով։ Մարմնավոր կրակը թող վառի։ Միայն ու միայն Սուրբ Հոգու կրակն է մեզ պետք, Աստծո ժողովուրդ։

Ես որսորդ եմ եղել։ Գնում էինք որսի, անտառում կրակ էինք վառում։ Գիտեինք՝ արջ կա, վայրի խոզ կա։ Որ կրակը վառում էինք, նստում էինք, կենդանիները չէին մոտենում կրակին, վախենում էին։ Ո՞վ չի վախենա կրակից։ Բոլորն էլ վախենում են, չէ՞։ Հենց կրակը մարում էր, բարձրանում էինք ծառի վրա, արդեն գիտեինք, որ գազանները կգան։ Բայց քանի դեռ կրակը կար, ոչինչ չէր մոտենում՝ ո՛չ մոծակ, ո՛չ արջ, ո՛չ վայրի խոզ։ Կրակից վախենում էին։ Սուրբ Հոգու կրակը եթե վառվի մեր մեջ, մեր հպարտությունը կվառի, մեր գոռոզությունը, մեր եսասիրությունը, մեր ցուցամոլությունը, մեր մարդկային խորհուրդն ու բնությունը կվառի՛։ Ամեն։ Դրա համար մեզ պետք է, որ կրակին մոտենանք։

Հիսուսն ի՜նչ կրակ էր։ Ինչքա՜ն ժողովուրդ էր հավաքվում Հիսուսի մոտ, որովհետև տաքանում էին Նրա մոտ։ Կրակ էր մեր Փրկիչը։ Եկեղեցիների բաժանումը, քայքայումը կրակի բացակայությունն է։ Եկեղեցիների մեջ կրակը մարած է։ Թող Սուրբ Հոգու կրակը վառվի եկեղեցիների մեջ։ Համաձա՞յն եք, ժողովուրդ ջան։ Սուրբ Հոգու կրակը թող վառվի, որ ժողովուրդները գան, տաքանան։ Պաղի ժամանակ մարդկանց տաքություն է պետք։ Իսկ սառը մարդը մոտենում է կրակին, որ տաքանա։ Ժողովուրդը մեզ է սպասում, սառած են նրանք։ Կրա՛կ է պետք։ Կրա՛կ պետք է լինենք։ Որտեղ որ լինենք, պետք է կրա՛կ լինենք, Աստծո ժողովուրդ։ Կրակ լինելու համար պետք է մոտենանք կրակին, մոտենանք Խոսքին։ Աստծո Խոսքը կրա՛կ է, Աստծո Խոսքը մո՛ւրճ է․ օգտագործի՛ր, լցրա՛ քո մեջ, որ բխի քեզանից։ Երեմիային ասաց․ «Իմ խոսքը քո բերանի մեջ դրեցի»։ Իրոք, Երեմիան որ խոսում էր, մարդիկ ապաշխարում էին։

Պետրոսի մեջ կրակ կար, վառում էր Պետրոսը։ Հիշո՞ւմ եք Գործք Առաքելոցում, որ Պետրոսը խոսեց, 120 հոգի ապաշխարեցին, հետո 3000 հոգի վառվեցին Պետրոսի քարոզից, Պետրոսի խոսքից, որովհետև կրակ էր դուրս գալիս նրա բերանից։ Այսօր, սիրելի՛ հոգի, որտեղ որ ներկա ես դու, կրա՞կ է դուրս գալիս քո բերանից, թե՞ սառած ես։ Ով որ կրակով բռնկված չէ, նրա աղոթքը ձանձրալի է, նրա քարոզը ձանձրալի է, նրա երգը ձանձրալի է։ Սուրբ Հոգին է մեզ վառում, Սուրբ Հոգին է մեզ պատրաստում։ Կարիք ունենք Սուրբ Հոգու, կարիք ունենք Պենտեկոստեի։

Մովսեսը Սիոն սարի վրա եղավ՝ օրենքը Տիրոջից ստանալու։ Տիրոջ հետ շփվեց, կրակի հետ շփվեց, ու Մովսեսի դեմքը փոխված էր, Մովսեսի դեմքը պայծառ էր։ Մարդիկ չէին կարողանում նայել Մովսեսին։ Ինչո՞ւ, որովհետև կրակի հետ էր, Աստծո հետ էր։ Այսօր մարդիկ որ նայեն մեր պատկերին, ի՞նչ պատկեր կտեսնեն՝ Կայենի՞ պատկերը, թե՞ Հիսուսի։ Ո՞ւմ պատկերն են տեսնում մեր վրա։ Կոլխո՞զ... Ինչո՞ւ․ Աստծո որդի ենք մենք, Աստված մեզ կրակ է տվել, Աստծո Խոսքն է տվել։ Օգտագործի՛ր։ Լիցք քո մեջ, լցրա՛ կարասները ջրով, որ հրաշքներ կատարվեն, մարգարեություն կատարվի, բժշկություն կատարվի, դևերը դուրս գան, որ եկեղեցիները միաբանվեն։ Բաժանումները կրակի պակասությունից են։ Պաղը կարիք ունի տաքության։ Ամեն։ Խավարը կարիք ունի լույսի։ Ժողովուրդը խավարի մեջ է, կրա՛կ է պետք։ Բայց տաքացնո՞ւմ ենք նրանց, թե՞ ասում ենք՝ «դե լավ, է՜, լավ է»: Ինչպե՞ս թե լավ է։ Կրակ ունեցող մարդը չի կարող հանգիստ նստել։ Կրակ ունեցող մարդը կխոսի, կասի, կքարոզի, կերգի, կպատմի Հիսուսի մասին, որովհետև կրակ է։ Կլսեն և կապաշխարեն, կդառնան Քրիստոսին, ինչպես Պետրոսի ժամանակ։ Երբ Պետրոսը խոսում էր, ասում էին՝ ի՞նչ անենք, եղբայրնե՛ր։ «Ապաշխարեցե՛ք»։ Կրակ էր դուրս գալիս Պետրոսից։

Սիրելի՛ հոգի, քեզնից կրակ դուրս գալի՞ս է։ Եթե ոչ՝ մոտեցի՛ր կրակին։

Կրակը նաև հալեցնում է։

Մեզ Աստված հալեցնում է, մեզ Աստված մաքրում է կրակի միջոցով։ Ոսկին որ հանում ես հանքից, այն մաքուր ոսկի չէ։ Ոսկերիչը դնում է կրակի մեջ, հալեցնում է, որպեսզի իր ձեռքերի մեջ գործիք դարձնի։ Հալված, մաքրված ոսկին շուտ է գործիք դառնում, որովհետև ամեն մետաղ, պղինձ, ամեն բան դուրս է գալիս միջից։ Մեզանից էլ դուրս կգա հպարտությունն այն ժամանակ, երբ Սուրբ Հոգու կրակը վառի մեզ։ Սուրբ Հոգու կրակը մեզ պետք է, ժողովուրդ ջան, որ մեզ հալեցնի, մեր ցուցամոլությունից, մեր մարդկային, մարմնավոր գաղափարներից ազատի մեզ, երկնային բնություն տա մեզ, որ բխի՛ մեզանից։

Կրակը նաև մաքրում է։

Հիշո՞ւմ եք Եսայիա մարգարեության 6-րդ գլուխը, երբ Եսայիան տեսավ Տիրոջը․ «Վա՜յ ինձ, ես պիղծ շրթունքներով մարդ եմ և բնակվում եմ պիղծ շրթունքներ ունեցող մարդկանց մեջ»։ Ի՞նչ արեց Տիրոջ հրեշտակը Եսայիայի բերանին․ կայծը կպցրեց, մաքրեց, զտեց։ Եթե ուզում ես շրթունքներդ զտվեն՝ կրա՛կ օգտագործիր։ Եթե ուզում ես խորհուրդներդ վառվեն՝ կրա՛կ օգտագործիր։

Նապայում հրդեհ եղավ, ինչպես եղբայրն ասաց, ամեն բան վառվեց, մոխիր դարձավ։ Աստված ուզում է Իր Սուրբ Հոգու կրակով մեզ մոխի՛ր դարձնի, այսինքն՝ խոնա՛րհ դարձնի, որ մոխիրներին օգտագործի Իր ձեռքի մեջ։ Նախ կրակի մեջ պետք է դնի, վառի, մոխիր անի, հետո օգտագործի՝ ինչպես ուզենա։ Ոսկերիչը ոսկուն ինչպես ուզի՝ կօգտագործի, բայց չհալած չի կարող օգտագործել։ Հալեցնում է, որ մաքրվի։ Աստված մեզ հալեցնո՛ւմ է, վառո՛ւմ է Իր կրակով, որպեսզի Իր ձեռքի գործիքն անի՝ բժի՛շկ անի, թարգմանո՛ղ անի, մարգարե՛ անի, ավետարանի՛չ անի։ Սա միայն առաջի՞ն դարի համար է գրված։ Հիսուս Քրիստոսի մասին ասում ենք՝ երեկ, այսօր, հավիտյան նույնն է։ Եթե ասում ես՝ նույնն է, դե՛, աղոթք արա, թող հիվանդը բժշկվի, աղոթք արա, որ Սուրբ Հոգով մկրտվի, աղոթք արա, որ դիվահարից դևը դուրս գա։ Աղոթի՛ր։ Կրակն է բացակայում քո մեջ։

Այստեղ՝ երկրի վրա, եթե կրակը մեզ չայրի, չվառի, չմաքրի, կա մեղքի կրակ՝ ծծմբի լիճը։ Այն կրակը որ վառի, այնտեղ արդեն ուշ կլինի, «վայ» կկարդաս։ Այսօր է վառվելու ժամանակը, այսօ՛ր է կրակ օգտագործելու ժամանակը։ Այսօր է փրկության օրը, այսօր է ընդունելու ժամանակը։ Ընդունի՛ր, որ արթնանաս, ընդունի՛ր, որ կրակ լինես, որ սառածներին տաքացնես։ Ինչքա՜ն սառած մարդիկ կան։ Եվ Աստված կօգտագործի նրանց, ովքեր ուզում են, որ ժողովուրդը փրկվի։ Աստված օգտագործում է այն մարդկանց, Իր ձեռքի գործիքն է դարձնում նրանց, ովքեր փափագում են, որ ժողովուրդը փրկվի, ովքեր փափագում են Աստծուն դառնալ։

Աստված տեսավ Մովսեսի սիրտը, երբ եգիպտացուն սպանեց, որ իսրայելացու հետ կռվում էր, հիշո՞ւմ եք։ Այդ Մովսեսին դարձրեց իշխան փարավոնի գլխին և գավազանով փարավոնի գլխին հասցրեց։ Աստված ճանաչում էր Մովսեսին։ Աստված բոլորիս էլ ճանաչում է։ Եվ վերցնում, օգտագործում է այն մարդկանց, ովքեր փափագում են, ովքեր ուզում են ծառայել Տիրոջը։ Զոռով չի անում Աստված, ինչպես եղբայրս ասաց։ Աստված կանչում է, բայց դու դուռը բա՛ց, դու ընդունի՛ր, հոժարվի՛ր։

Հիսուսը Երուսաղեմի ժողովրդին կանչեց․

«Ո՜վ Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարգարէները կը սպաննէիր եւ քեզի ղրկուածները կը քարկոծէիր, քանի՜ անգամ ուզեցի քու տղաքներդ հաւաքել, ինչպէս հաւը իր ձագերը թեւերուն տակ կը հաւաքէ, բայց դուք չուզեցիք»:

Պետք է ուզենանք, որ Աստված վառի մեզ։ Համաձա՞յն եք, որ վառվենք, թե՞ վառվելու բան չունենք։ Մեզանում վառվելու շատ բան կա։

Եվ կրակը նաև կհավաքի։

Ես գյուղացի եմ եղել․ մեր Հրազդանում ձմռանը համարյա մեկուկես-երկու մետր ձյուն էր գալիս։ Հայրս որ վառում էր թոնիրը, տունն այնքան էր տաքանում, որ վերևի ձյունն էլ էր հալչում տաքությունից։ Աստված հիշեցնում է․ տե՛ս կրակի մասին, դրա համար է ասում քեզ՝ կրակ, կրակ, կրակ։ Հացատան տանիքը հող էր, ձյունը հալչում էր տաքության պատճառով։

Հիսուսը եկավ աշխարհ մեր կարծրացած սրտերը տաքացնելու։ Եկավ, որ Իր կրակով տաքացնի մեզ, որ հալչի՛ ամեն աշխարհայինը, հալվի՛ ամեն մարդկայինը, հանի՛ ամեն բան՝ մարդկային լեզվի խոսքերը, խորհուրդները․ ամեն բան հալեցնի Սուրբ Հոգու կրակի տաքությամբ։ Ամեն։ Թող Աստված մեզ զորացնի։

Այնքան համարներ եմ հանել, ժողովուրդ ջան, բայց որ ընկնում եմ խոսելու, արդեն մոռանում եմ՝ որտեղ պիտի ասեմ։ Բայց Սուրբ Հոգին թող ասի։ Ասում եմ՝ Սո՛ւրբ Հոգի, Դո՛ւ խոսիր, էլի։ Որ Դու միտք ես տվել ինձ, Դու էլ միտքս բա՛ց, ճյուղավորի՛ր, որպեսզի խոսեմ։ Եվ հիշեցնում է Աստծո Խոսքը, որ Դավիթը երբ զոհ մատուցեց Օռնայի կալի մոտ, կրակը վառվեց երկնքից։ Կրակը վառեց։ Մեզ պետք է, որ կրակը վառվի մեր մեջ։ Հիշո՞ւմ եք Գեդեոնին։

Սիրելի՛ Աստծո ժողովուրդ, մենք կարիք ունե՞նք, թե՞ չէ։ Եթե կարիք ունենք, Աստված մեզ կզորացնի, Աստված մեզ կվառի Իր կրակով։ Ով որ չի գալիս եկեղեցի՝ սառած է, նրան պետք է տաքություն։ Երեքշաբթի, հինգշաբթի կամ կիրակի օր․․․ Մենք երեք օր ենք հավաքվում, բայց մենք պետք է ամեն օր կրակին մոտենանք։ Իմ եղբայր Գեղամը, հիշո՞ւմ եք, ասաց․ «Եղբայրնե՛ր, քույրե՛ր, գոնե առավոտյան ժամը վեցին արթնանանք, մի ժամ կարդանք Ավետարանը»։ Ես էլ ասացի՝ մի ժամը քիչ չէ՞, Գեղամ ջան։ Բայց գիտի, որ կարդացողները քիչ են, դրա համար ասում է՝ գոնե մի ժամ զբաղվեք Աստծո Խոսքով։ Իսկ Աստված Հեսուին ի՞նչ է ասում՝ մի ժա՞մ, թե՞ գիշեր-ցերեկ մտածիր Օրենքի վրա։ Մովսեսի մահից հետո Աստված Հեսուի հետ խոսեց (առաջին գլուխ, ութերորդ խոսք)․ «Գիշեր-ցերեկ Տիրոջ օրենքի վրա մտածի՛ր, որպեսզի քեզ հաջողություն լինի, որտեղ որ ոտքդ դնես, դա քոնը լինի, որտեղ որ գնաս, թագավորներին պիտի հաղթես»։ Ինչո՞ւ, որովհետև Տիրոջ Խոսքը քո սրտի մեջ է։

Իմացե՛ք, սատանան վախենում է կրակից։ Մեր մեջ կա՞ մարդ, որ գազը վառի ու մեկ րոպե մատը դնի կրակի վրա։ Մի քանի վայրկյան էլ չի կարող, վռազ ետ կքաշի, չէ՞։ Ես խոհարարի օգնական եմ եղել 16 տարեկանից։ Իմ խոհարարը 65 տարեկան մարդ էր, 40 տարվա խոհարար։ Ինձ լավ սովորեցրեց խոհարարությունը։ Աշակերտ էի, օգնական էի։ Սովորեցրեց, մինչև բարձրացա ու դարձա խոհարար։ Խոհարարն ամենալավ կերակուրն ինքն էր ուտում սկզբից, հետո տալիս էր ժողովրդին։ Աստված մեզ բոլորիս ուզում է դարձնել Իր աշակերտները։ Միսը կամ խորովածը երբ դնում ենք կրակի վրա, ավելորդ յուղն ու ամեն բան դուրս է գալիս մսի միջից։ Ինչքան դնում ենք, լավ եփվում է, ախորժակով ուտում ենք։ Աստված մեզ դնում է կրակի մեջ, ուզում է Սուրբ Հոգու կրակը վառվի մեր մեջ, որպեսզի մենք Աստծո Խոսքից խոսենք, Աստծո Խոսքը բխի՛ մեզանից, դո՛ւրս գա մեր բերանից։ Պետք է մոտենաս, վարժվես, որ դառնաս լավ խոհարար, որ լավ կերակուր տաս մարդկանց։ Պետք է նախ աշակերտ լինես, հետո՝ վարպետ։ Հիսուսն էլ է այդպես ասում․ աշակերտին հերիք է, որ իր վարդապետի պես լինի։ Աշակերտները պիտի մոտենան Վարդապետին, խնդրեն՝ սովորեցրո՛ւ ինձ ճամփան, և Նա կսովորեցնի։

Կրակը նաև մանրէներն է վառում։

Օրինակ, մեր մարզասրահում կա շոգեբաղնիք (steam room) և սաունա (չոր շոգեբաղնիք)։ Չոր շոգեբաղնիքում մոտ 100-110 աստիճան տաքություն է։ Այնտեղ ո՛չ մի մանրէ, ո՛չ մի բակտերիա չկա, որովհետև տաքությունը վառում է ամեն ինչ։ Սուրբ Հոգին ասում է՝ տեսնո՞ւմ ես կրակն ինչ է անում, դու այդպիսի կրակ պիտի լինես, որ սատանայի մտքերը չընդունես, լրիվ վառվեն։ Եթե Սուրբ Հոգու կրակն ընդունենք մեր մեջ, սատանայի մտքերը կվառվեն։ Ինչպես Արտակ եղբայրն ասաց՝ մտքեր են գալիս՝ «դե լավ, այսօր մի գնա»․ այդ կրակը կվառի՛ այդ մտքերը և քեզ դեպի Տիրոջ տունը կտանի։ Բայց եթե այդ կրակը չօգտագործես, քեզ կտանի Ալյասկա։

Օգտագործե՛նք կրակը մեր մեջ, որպեսզի գանք Տիրոջ տունը։ Օգտագործե՛նք կրակը, որպեսզի ժողովուրդը տաքանա, միաբանվի։ Տեսնո՞ւմ եք եկեղեցին ինչ վիճակում է, տեսնո՞ւմ եք Սակրամենտոյի վիճակը․ կրակի բացակայությունն է, Սուրբ Հոգու կրակի բացակայությունն է։ Սուրբ Հոգու կրակը միաբանության Աստված է։ Առաքյալները միաբան էին, որովհետև Սուրբ Հոգու կրակը վառել էր նրանց անձերը։ Ովքեր միաբանված չեն, Սուրբ Հոգու կրակից զուրկ են։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը Սուրբ Հոգու կրակից զուրկ լինի, չեմ ուզում, որ դուք ուրիշ կրակներով վառվեք։ Եթե մենք Սուրբ Հոգու կրակով չենք վառվել, սատանան ամեն տեսակի մտքեր կբերի, և դու կընդունես։ Իսկ եթե կրակը քո մեջ լինի, բոլոր մտքերը կվառի, մենք էլ միաբանությամբ կգանք եկեղեցի, Տիրոջ փառքը կերևա, և մենք Աստծուն փառք կտանք, որովհետև Նա արժանի է փառք ու պատիվ առնելու։ Իր կամքով եղանք և Իր կամքով ստեղծվեցինք։ Նախքան մեր ստեղծվելը Ինքը ճանաչում էր մեզ։ Ում որ ճանաչեց, նրան նախասահմանեց։ Խանութում կամ շուկայում երբ բան ենք գնում, ընտրում ենք լավը, որդնածն ու փտածը չենք առնում։ Աստված էլ նախքան մեր ստեղծվելը տեսել է մեզ, ճանաչել է և նախասահմանել է։ Օրհնյալ լինի Իր սուրբ անունը, ինչպես Պողոս առաքյալն է ասում Հռոմեացիս 8-րդ գլխում։

Թող Աստված օգնի, կանգնենք ոտքի, միաբան աղոթք անենք, որ Աստված մեզ Սուրբ Հոգու կրակով վառի։

Համաձա՞յն եք։ Ովքե՞ր են ուզում վառվել Սուրբ Հոգու կրակով։ Վառվե՛նք Սուրբ Հոգու կրակով, որպեսզի վառե՛նք մարդկանց, այսինքն՝ սատանայի բոլոր ծրագրերը վառենք։ Ալելուիա՜, Տե՛ր։

Փա՜ռք Քեզ, փա՜ռք Քեզ, Հզո՛ր Սուրբ, փա՜ռք Քեզ, Սո՛ւրբ Կրակ, ալելուիա՜ Քեզ։ Սո՛ւրբ Հոգի, կարիքդ ունենք, Քո կրակով վառի՛ր մեզ։ Մեր եսասիրական ցանկությունները վառի՛ր, մոխի՛ր արա մեզ, Տե՛ր, որ Քո ձեռքի մեջ օգտագործես մեզ, Փրկի՛չ, ինչպես օգտագործեցիր մարգարեներին, նահապետներին, առաքյալներին։ Օգտագործի՛ր, վառի՛ր մեզ, Սո՛ւրբ Հոգի։ Վառի՛ր մեր աշխարհայինը, վառի՛ր մեր եսասիրությունը, մեր հպարտությունը։ Արի՛, վառի՛ր, Սո՛ւրբ Հոգի, ալելուիա՜։ Glory, glory, glory, Lord! Փա՜ռք Քեզ։

Շնորհակա՛լ եմ այս հոգևոր կերակուրի համար, Տե՛ր։ Օգնի՛ր ավելի մոտենամ Քեզ, Հիսո՛ւս, որ հոգիները բռնկվեն, Քեզ փառավորեն, փրկվեն, սատանայի ամրոցները քանդող լինենք Քո կրակով, Սուրբ Հոգու կրակով։ Օրհնի՛ր, արի՛, Սո՛ւրբ Հոգի, մեր տների մեջ արի՛։ Մեր տներում շատ վառվելու բաներ կան, վառի՛ր։ Վառի՛ր անհավատությունը, մեր մարդկային գաղափարները վառի՛ր, սատանայի բները, նրանց թելերը կտրի՛ր։ Հրավիրում ենք Սակրամենտոյի եկեղեցիների մեջ․ Քո կրակով արի՛ և վառի՛ր։ Անմիաբանությունը վառի՛ր, հպարտությունը վառի՛ր, ցուցամոլությունը վառի՛ր։ Սուրբ Հոգու կրակն եմ խնդրում եկեղեցու մեջ, մեր ընտանիքներում, Ամերիկայում, Սակրամենտոյում։ Glory, сила, Lord! Սուրբ Հոգու զորությունն եմ խնդրում։ Օրհնի՛ր, առաջնորդի՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր։ Կարիքդ ունենք բոլորս, Փրկի՛չ, փա՜ռք Քեզ։ Օրհնյա՛լ լինի սուրբ անունդ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ալելուիա՜, ամեն։

«Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Սուրբ թող լինի Քո անունը,
Քո թագավորությունը թող գա,
Քո կամքը թող լինի,
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր,
Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը,
Ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին,
Ու մեզ փորձության մի՛ տար,
Այլ փրկի՛ր մեզ չարից,
Որովհետև Քոնն է արքայությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս:
Ամեն»։

← Վերադառնալ Բլոգին

Խնդրում ենք անցնել անվտանգության արագ ստուգումը։