Վտանգավոր Մոդեռնիզմը Եկեղեցում

May 13, 2026

Դիտել YouTube-ով

Թող Տերը փառավորվի, սիրելի քույր եղբայրներ։ Աստծո օգնությամբ կուզեմ շարունակել այն, ինչի մասին անցած անգամ խոսեցինք։ Երբ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, հատուկ նպատակով ստեղծեց, հատուկ ձևով ստեղծեց։ Առակաց երրորդ գլխի 19-ից 20 խոսքերում գրված է, որ Տերը իմաստությունով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը, նրա գիտությունով անդունդները հորդեցին և ամպերը ցող ցանեցին։

Եվ հետո Առակաց ութերորդ գլխի 30-րդ խոսքում, երբ իմաստության մասին է խոսում, ասում է. «Այն ժամանակ ես նրա կշտին ճարտարապետ էի»։ Տեսնում ենք՝ իմաստությունով, հանճարով, գիտությամբ և որպես ճարտարապետ։

Սրբարանը շինելու համար Աստծո հոգին է պետք

Երբ Աստված Մովսեսին պատվիրեց, որ Իսրայելը իրեն համար սրբարան շինի, Աստված Մովսեսին ասաց. երկու հոգի կա, ուզում եմ նրանց այս ծառայությունը տալ։ Իմ Հոգիով ես նրանց լցրել եմ։ Եկեք գնանք միասին Ելից 31-րդ գլուխը։

Ելից 31-րդ գլխի 1-ից 6 խոսքերում և հետո Ելից 35-րդ գլխի 30-ից 35 խոսքերում գրված է, որ Աստված կանչեց Բեսելիելին և Ողիաբին, լցրեց նրանց Աստծո Հոգով՝ իմաստությունով, հանճարով, գիտությունով և ամեն ճարտարապետությունով, որ վարպետի գործեր անեն՝ ոսկով, արծաթով, պղնձով, քարեր քանդակելով, փայտեր քանդակելով և ամեն կերպ արհեստով գործելով։

Տեսնում ենք այստեղ, որ այն նույն իմաստությունով, հանճարով, գիտությունով և ճարտարապետությունով, որով Աստված ստեղծեց և հիմնեց երկինքը, երկիրը և ինչ որ նրանց մեջ կա, նույն Հոգով Աստված հատուկ մարդիկ կանչեց, որ իր սրբարանի գործը գործեն։

Հիմա պատկերացրեք, սիրելի քույր եղբայրներ, Իսրայելը փոքր ժողովուրդ էր։ Աշխարհի մեջ մեծ զորություններ և իշխանություններ կային։ Աստված կարող էր ասել՝ գնա Եգիպտոսից ամենաուժեղ գործավորներին բեր, Բաբելոնից բեր, աշխարհի իմաստուններին բեր, որ իմ սրբարանը շինեն։ Բայց եթե նույնիսկ աշխարհի բոլոր իմաստուններին և գիտուններին հավաքեին, նրանք չէին կարող Աստծո սրբարանը շինել, որովհետև սա մի իմաստություն էր, որ Աստծո Հոգին էր դրել նրանց մեջ։

Կա մարդկային իմաստություն և գիտություն։ Աշխարհի մեջ զարմանալի շինվածքներ կան։ Երբ նայում ենք Եգիպտոսի բուրգերին, մինչև այսօր մարդիկ չեն հասկանում՝ ինչպես են այն ժամանակ այդ տեխնոլոգիայով կարողացել շինել։ Այսինքն՝ շատ խելացի էին, շատ իմաստուն էին։ Բայց Աստծո գործի մեջ մարդկային իմաստությունը չէ, այլ Աստծո Հոգին է, որ այդ գործը ճիշտ է անել տալիս։

Եվ տեսնում ենք, որ նրանք արեցին ինչպես Աստված Մովսեսին պատվիրել էր։ Մի քանի գլուխների մեջ կրկնվում է՝ արեցին ինչպես Աստված պատվիրեց։ Մովսեսն էլ արեց ինչպես Աստված պատվիրեց։ Այսինքն՝ Աստծո գործը Աստծո Հոգով անող ժողովուրդը գործեց ոչ թե իր պատկերացմամբ, այլ այնպես, ինչպես Աստված պատվիրել էր։

Սիրելի քույր եղբայրներ, մենք չենք կարող Աստծո գործը գործել այնպես, ինչպես Նա պատվիրեց, եթե Աստծո Հոգով չլցվենք այդ գործը անելու համար։ Շատ գեղեցիկ կարող ենք անել, շատ ճիշտ կարող է թվալ, բայց եթե հիմքը Աստծո Հոգին չէ, ճիշտ հիմքը չի լինի։

«Դուք Աստծո շինվածն եք»

Կուզեմ կարդալ Առաջին Կորնթացիների երրորդ գլխից։ Պողոս առաքյալը գրում է.

«Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, այլ աճեցնող Աստվածը։ ... Դուք Աստծո մշակությունն եք, Աստծո շինվածն եք։ Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշը շինում է։ Միայն թե ամեն մեկը մտիկ տա, թե ինչպես է շինում, որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե դրվածը, որ է Հիսուս Քրիստոսը»։

Տեսնում ենք այստեղ, որ Պողոս առաքյալը որպես իմաստուն ճարտարապետ հիմք դրեց, և այդ հիմքը Հիսուս Քրիստոսն է։ Բայց Կորնթացի եկեղեցում, ինչպես բոլոր եկեղեցիներում, պայքար կար Աստծո իմաստության և մարդու իմաստության միջև։

Առակաց իններորդ գլխում գրված է, որ իմաստությունը կանչում է, և դրա հետ միասին հիմարությունն էլ է կանչում։ Մարդը մեկին պիտի լսի։ Եկեղեցին Աստծո իմաստությանը պետք է լսի։ Բայց շատ անգամ աշխարհի իմաստությունը իրեն ներկայացնում է որպես Աստծո իմաստություն։ Որոշ բաներ կան, որ կարծես աստվածապաշտության կերպարանք ունեն, կարծես Աստծուց են, և մարդը շուտ բռնում է, հետո մոռանում Աստծո իմաստությունը։

Ժամանակակից դարի իմաստությունը և մոդեռնիզմը

Կուզեմ ներկայացնել Աստծո իմաստությունը այս ժամանակակից դարի մեջ և համեմատել Առաջին Կորնթացիների մեջ երևացող Հիսուս Քրիստոսի իմաստության հետ։ Այսօրվա մեջ «ժամանակակից» բառը շատ անգամ ասում ենք՝ մոդեռն։ Երբ ուզում ենք ասել՝ մի բան զարգացած է, ասում ենք՝ մոդեռն է։ Կարծես թե մոդեռն լինելը լավ բան է։

Բայց մոդեռնիզմի գաղափարը և փիլիսոփայությունը այսօր ամբողջ աշխարհում է։ Եվ երբ մարդը աշխարհում դրա մեջ է ապրում, դրա մեջ է լողում, հետո գալիս է եկեղեցի և սկսում է պահանջել, որ եկեղեցին էլ հնազանդվի այդ մոդեռնիզմին։ Որ եկեղեցին դառնա ժամանակակից, որ այսօրվա վիճակների և մոդաների հետ առաջ գնա։

Բայց եկեղեցին չպետք է հետևի աշխարհի իմաստությանը։ Աշխարհը պետք է նայի եկեղեցուն, դաս առնի և հասկանա, որ կարիք ունի դառնալու և փոխվելու։

Մոդեռնիզմի առաջին վտանգավոր բանն այն է, որ երկինքն ու երկիրը իրար հետ հաղորդ չեն լինում։ Այսինքն՝ երկրի վրա մարդիկ, ժողովուրդը, եկեղեցին, ըստ այդ մտածողության, իրական և ճշմարիտ ձևով չեն կարող հաղորդ լինել Աստծո հետ։ Եվ այն բոլոր բաները, որ Աստվածաշնչում գրված են որպես իրական հաղորդակցություն, սկսում են բացատրել միայն փոխաբերական իմաստով։

Երբ Աստծո խոսքի մեջ մի բան իրական ձևով է գրված, մոդեռնիզմը ասում է՝ իրական չէ, փոխաբերական է։ Ուղղակի դու քո մեջ քեզ լավ զգալու համար այդպես պատկերացրու, քեզ հոգեշնչիր, ասա՝ հավատում եմ, բայց իրականում այդպես չէ։

Սա տեսնում ենք շատ անգամ սուրբ հաղորդության սեղանի մեջ։ Տիրոջ մարմինը և արյունը, հացը և գինին, երբ այս գաղափարը մտնում է եկեղեցու մեջ, դառնում են սովորական բան, միայն փոխաբերական իմաստ։ Բայց եթե ամեն ինչ միայն փոխաբերական է, էլ ինչու՞ հաց և գինի լինի։ Կարող է ջուր ու կարտոֆիլ էլ լինի։ Եթե իրական հաղորդակցություն չկա, եթե ամենը միայն խորհրդանշական է, ապա աստվածային խորությունը կորում է։

Դրա հետ միասին գալիս է Աստծո խոսքի մատակարարելը և լսելը։ Սկսում են ասել՝ քարոզչությունը պարզապես մեզ հոգեբանորեն օգնում է Աստծուն մոտենալ, բայց իրականում Աստծո հետ հաղորդակցություն չկա։ Եվ դրանից հետո կամաց-կամաց շատ բաներ են փոխվում։

Մի ճշմարտություն, թե՞ շատ ճշմարտություններ

Մոդեռնիզմի մյուս վտանգավոր միտքն այն է, որ աշխարհում չկա մեկ ճշմարիտ կարգ ու կանոն։ Մարդն իրանով որոշում է, թե որն է ճշմարտությունը։ Մի ճշմարտություն չկա, այլ շատ ճշմարտություններ կան, և ամեն մեկի համար իր ճշմարտությունն է ճշմարտություն։

Բայց եթե չկա մեկ ճշմարտություն, եթե ամեն մարդ ինքն է որոշում, թե որն է ճշմարիտ, ապա Աստծո խոսքի դատը կորում է։ Մարդը գալիս է Աստծո մոտ և սպասում, որ Աստված ընդունի իրեն այնպես, ինչպես կա, բայց չասի՝ փոխվի։ Մինչդեռ Աստծո շնորհքը ընդունում է մարդուն, բայց նաև սրբացնում և փոխում է նրան։

Սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին չի կարող իր հավատքը հարմարեցնել աշխարհի մտածողությանը։ Եթե փորձենք մեր հավատքը, մեր հավաքույթը, մեր պաշտամունքը և մեր վայրը հարմարացնել աշխարհին, մենք կընկնենք նույն սխալի մեջ, որի մեջ ընկնում էր Կորնթացի եկեղեցին։

Խաչյալ Քրիստոսի պատգամը չփոխել

Պողոս առաքյալը Կորնթացիների մեջ բան չգիտեր, բացի Հիսուս Քրիստոսից, այն էլ՝ խաչված։ Խաչյալ Փրկիչը աշխարհի համար հիմարություն էր։ Մարդիկ կարող էին ասել՝ ինչպե՞ս ձեր Փրկիչը կխաչվեր, կխայտառակվեր, այդ տկարությունը, նեղությունը, ցավը և վիշտը կկրեր։

Պողոս առաքյալը կարող էր իր իմաստությամբ խաչը ավելի գեղեցիկ ներկայացնել, կարող էր պատգամը մեղմացնել, կարող էր ասել՝ թող մարդիկ ամենը ամբողջությամբ չիմանան, թող կիսատ իմանան։ Բայց նա ասաց՝ ես ձեր մեջ ոչինչ չգիտեի, միայն Քրիստոսը և Նա էլ խաչված։ Խաչը ամոթ էր, բայց Պողոսը պատգամը չփոխեց։

Այն ժամանակ էլ աշխարհը իր պատգամն ուներ։ Բայց Պողոս առաքյալը իր պատգամը չփոխեց։ Կորնթոսի եկեղեցու մեջ մարդիկ կային, որ խաչյալ Քրիստոսին չէին ընդունում կամ ամաչում էին, որ իրենց Տերը և Թագավորը խաչված է։ Եվ երբ խաչյալ Քրիստոսի մարմնի գաղափարը մի կողմ դրեցին, մնացած բաներն էլ աղավաղվեցին։

Տեսնում ենք, որ Կորնթոսի եկեղեցում մարմնի հետ կապված շատ գաղափարներ աղավաղված էին։ Մարմնի հարությանը չէին հավատում։ Իրենց մարմինները անբարոյականության մեջ էին օգտագործում։ Իրենց մարմիններով գնում էին կուռքերի սեղանից հաց ուտելու։ Պողոսը հիշեցնում է՝ ձեր մարմինները Աստծո տաճար են։

Երբ մի աշխարհի գաղափար ընդունեցին և փորձեցին քրիստոնեությունը հարմարեցնել աշխարհի իմաստությանը, Պողոս առաքյալը խիստ ձևով հանդիմանեց։ Առաջին Կորնթացիները ամենախիստ նամակներից է, որովհետև նրանք որոշել էին իրենց հավատքը հարմարեցնել աշխարհի հավատքին։

Ճիշտ դատել հոգևոր կերպով

Առաջին Կորնթացիների մեջ դատելու գաղափարը շատ կարևոր է։ Պողոսը ասում է, որ հոգևոր բաները հոգևոր բաներով են համեմատվում, հոգևոր կերպով են քննվում։ Շնչավոր մարդը Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև դրանք հիմարություն են նրա համար։ Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է։

Սիրելի քույր եղբայրներ, իմաստուն մարդը այն մարդը չէ, որ երբեք չի դատում։ Այո, Հիսուսը ասաց՝ մի դատեք, որ չդատվեք, բայց այդտեղ ուրիշ միտք կա։ Իմաստության լավագույն վիճակը այն է, որ մարդը ճիշտ է դատում, ճիշտ դատողություն է անում, հոգևորը հոգևորի հետ է համեմատում։

Կորնթացիների մեջ Պողոսը տարբեր տեղերում խոսում է դատելու մասին։ Երբ եկեղեցու մեջ մեկը ծանր մեղքի մեջ էր, նրանք փոխանակ ճիշտ դատաստան անեին, ընդունել էին նրան։ Երբ եղբայրը եղբորը տանում էր աշխարհիկ դատարան, Պողոսը ասում էր՝ ձեր մեջ մի իմաստուն չկա՞, որ ճիշտ դատի այս վիճակը։ Նա հիշեցնում է՝ չգիտե՞ք, որ դուք հրեշտակներին պիտի դատեք։

Սուրբ հաղորդության մասին էլ ասում է՝ եթե Տիրոջ մարմինը ճիշտ չորոշեք, ճիշտ չդատեք, աշխարհի հետ կդատապարտվեք։ Այսինքն՝ եթե մեր աչքերը փակենք և ճիշտ չդատենք, կամ երբ դատաստանը գալիս է՝ խոնարհությամբ չընդունենք ու չասենք՝ Տեր Աստված, մեղանչել եմ, վտանգի մեջ ենք ընկնում։

Սուրբ Հոգու պարգևներից մեկն էլ հոգիները զանազանելն է։ Այդ զանազանել բառի մեջ էլ դատելու միտք կա։ Այսինքն՝ հոգևոր մարդը պետք է սովորի տարբերել, հասկանալ, չափել, ճիշտ տեղը դնել, ինչպես սրբարանի ամեն մաս պետք է իր ճիշտ տեղում լիներ։

Անաչառություն և խրատ ընդունելու սիրտ

Եթե մենք մերժենք դատը, եթե մերժենք խրատը, եթե մեր սիրտը խստացնենք, Աստված մեզ կհանձնի մեր ցանկություններին։ Ավելի լավ է ընդունենք։ Ընտանիքի մեջ էլ պետք է ճիշտ դատել։ Եթե երկու երեխաներ կռվում են, ամեն անգամ չի կարելի պարզապես ասել՝ երկուսդ էլ սխալ եք։ Պետք է տեսնել՝ ով է գրգռում, ով է սկսում, ինչն է պետք ուղղել։ Եթե ընտանիքի մեջ պետք է ճիշտ դատենք, ինչքան առավել եկեղեցու մեջ ճշմարիտ դատեր պետք է անենք։

Դրա համար, սիրելի քույր եղբայրներ, եկեք լցվենք իմաստությունով։ Երբ կիմանանք, որ Աստծո իմաստությունը մեր մեջ գործում է. երբ ճիշտ դատեր անենք, երբ ճիշտ զանազանենք, երբ անաչառ լինենք, երբ Աստծո խոսքը չծռենք։

Խնդրում եմ, սպասավոր եղբայրների համար շատ աղոթեք։ Ամեն պաշտամունքից առաջ աղոթեք, շաբաթվա մեջ աղոթեք, որ Աստված իր իմաստության, հանճարի, գիտության, ճարտարապետության և վարպետ գործի Հոգով լցնի մեզ, որ Աստծո գործը ճիշտ անենք ամեն բանի մեջ։

Աղոթք

Բարի և ողորմած Հայր Աստված, գոհանում ենք ու շնորհակալ ենք, փառավորում ենք ու մեծարում ենք քեզ։ Դու արժանի ես ամեն փառքի, ամեն պատվի, ամեն գոհության և ամեն օրհնության։ Շնորհակալ ենք քո բոլոր ողորմությունների համար։ Շնորհակալ ենք, Տեր Աստված, որ մեզ դատում ես, բայց չես դատապարտում։ Մեզ դատում ես, որ մաքուր լինենք, սուրբ լինենք, անկեղծ լինենք, սիրով լինենք, ողորմած լինենք, գթած լինենք, քաղցր լինենք։

Օրհնյալ Աստված, շնորհակալ ենք քո բոլոր դատաստանների համար։ Քո բոլոր դատաստանները ճշմարիտ են, արդար են և ուղիղ են մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք և գոհանում ենք։

Ողորմած բարի Հայր Աստված, ինչպես քո խոսքն է ասում, եթե իմաստության պակաս ունենք, խնդրենք իմաստության համար։ Հայր, աղոթք և աղաչանք ենք անում, որ քո իմաստության, հանճարի, գիտության և ճարտարապետության Հոգով լցնես քո ժողովրդին, քո եկեղեցուն, որ դատի մեջ աչառություն չանենք, չկեղծենք, չխաբենք, այլ ամեն բանի մեջ արդար դատաստան անենք։

Տեր Հիսուս Քրիստոս, տկար ենք, թերի ենք, պակաս ենք։ Ներիր, Տեր Աստված, որ անաչառ չենք եղել։ Ներիր, որ կողմնասեր ենք եղել։ Ներիր, որ քո խոսքը ծռել ենք։ Ներիր, որ չենք արել այնպես, ինչպես դու պատվիրել ես մեզ։ Ներիր և ողորմիր, Տեր Աստված։

Լցրու մեզ այս իմաստությունով, որ ճշմարիտ ձևով, հոգևոր ձևով, քո Հոգու լեցունությամբ ամեն բան ճիշտ դատենք, նաև մեր անձերը ճիշտ դատենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Օրհնյալ լինի քո անունը, Տերերի Տեր, Թագավորների Թագավոր։ Շնորհակալ ենք, փառավորում ենք և մեծարում ենք քո մեծ ու պատվական անունը։ Այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Ալելույա։

← Վերադառնալ Բլոգին